11 տարի 3 ամիս ազատազրկում. Հովհաննեսը չի ընդունում մեղքը

Կեղծել կարելի է ստորագրությունը, իսկ խի՞ղճը: Երբ կշեռքի վրա մարդկային կյանքն է ու օրենքը: Իրավական բոլոր չափորոշիչները ի վերջո հաշվետու են դառնում սուբյեկտիվ մոտեցման առաջ:
Հովհաննես Ժորայի Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման մի «հանցանքի» համար որը ոչ մի կերպ չի ապացուցվում:
Մի փոքր անդրադարձ անենք դատավարական պատմությունից.
Դատարանն ապացուցված է համարել, որ Հովհաննես Չոլախյանը իրացնելու նպատակով, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակ, ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով ամֆետամին տեսակի թմրամիջոց, որոնք 2013թ. Հունվարի լույս 4-ի գիշերը իրացնելու նպատակով փոխադրվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի մոտ և նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Պետրոսյանին իրացնելու համար, վերջինիս հետ ունենալով նախնական պայմանավորվածություն:
Հովհաննես Չոլախյանը այդպես էլ չընդունեց մեղադրանքը: Չոլախյանը պնդում է, որ իրեն ձերբակալել , ապա երկարատև բանտարկության են դատապարտել ընդամենը 200 դոլարի պատճառով:
Հովհաննես Չոլախյանի հարազատների փոխանցմամբ նա բնական կարիքները հոգալու համար տաքսի ավտոմեքենայից իջել է «Սևան» ՔԿՀ տարածքում, սակայն բերման է ենթարկվել:
Հովհաննեսի մոտ ոչինչ չի հայտնաբերվել ու նրան ազատ են արձակել, նախնական արձանագրության մեջ ընթերականներ չեն եղել:
Հովհաննես Չոլախյանի հարազատները հավաստում են, որ Չոլախյանից 200 դոլար են պահանջել նրան այլևս այս գործով չանհանգստացնելու համար: Հովհաննեսը հրաժարվել է վճարել:
Ավելի ուշ ձերբակալված Հովհաննեսին առաջադրված քրեական գործում ի հայտ են գալիս ՔԿՀ-ում աշխատող վարորդ Քաջիկ Գրիգորյանը և հավաքարար Ելգա Նիկոլյանի ցուցմունքները:
Բոլոր արձանագրությունների մեջ վերոհիշյալ երկու վկաների ստորագրությունները չեն համընկնում: Հովհաննես Չոլախյանի պաշտպանը` Սեյրան Ազիզյանը պահանջել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որը սակայն մերժվել է…
Արթուր Գևորգյանը. Սա այն անձն է ում պետք է հասցվեր թմրանյութը, պնդում է, որ իրեն թմրանյութ է հասցրել իր ընկերը` Անդրոն:
Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ:
Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք:
Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:
Ով է իրականում թմրանյութ մատակարարել դատապարտյալ Արթուրին….հարցականներով հագեցած այս գործը դատավարական նոր փուլ է մտել:
Հովհաննես Չոլախյանը 43 տարեկան է, ունի ընտանիք ու մայր: Չոլախյանի 80 ամյա մայրը պատրաստ է ծայրահեղ քայլերի, իր հավաստմամբ անգամ դատական ատյանի դիմաց ինքնահրկիզման:
Արդարադատության կշեռքին մարդկային կյանքեր են դրված:
«Ինչո՞ւ Հովհաննեսը պետք է պատժվի չգործած հանցանքի դիմաց»,-մեզ հետ զրույցում հարցադրում արեց Չոլախյանի ազգականը: