Համաթեմական ուխտի օր
Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ Դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության աստվածապարգև վայր է եղել Սբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու շիրիմը, որը գտնվում է Գուգարաց թեմի Արդվի գյուղում: Հայրապետական աթոռին գահակալելով` Սբ Հովհան Օձնեցին, արաբական տիրապետության դաժան պայմաններում, իր գրով ու խոսքով, իր հովվական ու հովվապետական արթուն հսկողությամբ և հեռատեսությամբ կարողացել է իր հոտն առողջ ու ամբողջական պահել թշնամիների հարվածներից:
Սրբակենցաղ Հայրապետն իր կենդանության օրոք իսկ ձեռք է բերել սրբի և եկեղեցական-քաղաքական գործչի համբավ, ում ձեռքով կատարվել են բազում հրաշագործություններ և ով կյանքի վերջին տարիներին` հրաժարվելով կաթողիկոսական գահից, առանձնացել է աշխարհից, զբաղվել ճգնությամբ: Նա այն եզակի Հայրապետներից է, ում մարմինն այսօր հանգչում է Արևելյան Հայաստանի տարածքում: Ապրիլի 17-ը Սբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու ննջման օրն է, որը Գուգարաց թեմում հռչակված է համաթեմական ուխտի օր:
Այս տարի ևս ապրիլի 17-ին, օրհնությամբ և նախաձեռնությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, հովանավորությամբ մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանի, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Արդվի գյուղի Սբ Հովհան Օձնեցու դամբարան` հայցելու Արևմտյան Հայաստանի մեր խոնարհված վանքերում ու եկեղեցիներում ննջող հայազգի սրբերի բարեխոսությունը: Այդ օրը Արդվի գյուղի Սբ Հովհան Օձնեցու դամբարանում և Օձունի Սբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի ժամը 11:00-ին, որի ավարտին ուխտավորներին կմատուցվի Սուրբ Մատաղ: Դիվան Գուգարաց թեմի