«Ես թեքվեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում … ու տեսա Հիսուսին»
Ամերիկացի միսիոներ Դեն Բաումանը գիտի, թե ինչ բան է գտնվել իրանական բանտում: Նա ձերբակալվել է Իրանում, քանի որ երկու շաբաթ անընդմեջ տարածում էր այնտեղ Ավետարանը:
Իշխանությունների կողմից բանտարկվելուց հետո նա իր ապագան ամբողջովին հանձնել էր Աստծո ձեռքերի մեջ:
«Մի միտք ինձ հայտնվեց. իսկ ի՞նչ, եթե այս անգամ այլ կերպ լինի: Ես հայտնվել էի իրանական բանտում, ոչինչ անել չէի կարող, ոչ մեկի վրա ազդել չէի կարող:
Կամ Աստված հրաշք պետք է աներ, կամ՝ ես այդտեղ էլ մնալու էի միշտ: Ինձ փակել էին մենախցում, որի միայն մի անկյունում էր լույս թափանցում:
Ձմեռ էր, դրսում ձյուն էր գալիս, և մենախուցը հազիվ էր գոլանում: Իսկ այդտեղից ինձ հանում էին միայն հարցաքննության համար, ինչը տեղի էր ունենում օրը մեկ անգամ:
Հարցաքննության սենյակը սարսափելի տեսք ուներ, խավար մի սենյակ էր, որի հատակը ծածկված էր արյան հետքերով: Այնտեղ ես դաժան փորձությունների էի ենթարկվում: Ինձ ծեծում էին ձեռքերով ու ոտքերով, խփում էին՝ որտեղ պատահեր:
Ինձ շատ դժվար էր պահպանել հավատքս: Արդյոք Աստված ինձ հե՞տ էր: Սիրո՞ւմ էր արդյոք Նա ինձ: Եթե Աստված ողորմած է, ապա ինչո՞ւ էր թույլ տալիս, որ ես հայտնվեի այդ իրավիճակում:
Հիշում եմ, մի անգամ առավոտյան արթնացա ներսիս դատարկությամբ: Ու մտածեցի, որ եթե ես այստեղ եմ մնալու մինչև կյանքիս վերջը, ապա ինչո՞ւ այժմ վերջ չտամ կյանքիս: Ես մտածում էի միայն այն մասին, թե ինչպես այլևս չմնամ այդ բանտում: Իսկ միակ միջոցն այնտեղ այլևս չգտնվելու՝ մեռնելն էր: Չորս անգամ ես փորձել եմ ինքնասպան լինել: Բայց ոչ մի անգամ համարձակությունս չէր բավականացնում գնալու մինչև վերջ:
Չէի կարողանում ինքս ինձ ստիպել ամուր կապել պարանը, որի միջոցով պետք է խեղդամահ լինեի: Վերջին փորձից հետո ես ընկա հատակին ամբողջովին ուժասպառ, երբեք ինձ այդքան տկար ու անզոր չէի զգացել, որքան այդ պահին:
Միևնույն ժամանակ այնպիսի ամոթ էի վերապրում, որը նույնպես նախկինում չէի ունեցել: Ես պառկած էի գետնին, և հանկարծ ամբողջ մենախուցը լցվեց վառ լույսով:
Ես թեքվեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում … ու տեսա Հիսուսին: Նա կանգնած էր ուղիղ իմ առջև՝ ժպիտով ողողված դեմքով: Նա եկավ ինձ մոտ ամենաանհույս պահին: Նա նայեց ինձ, մեկնեց ինձ Իր ձեռքերը:
Այդ տեսիլքում ես այնպես հստակ տեսա Հիսուսին: Նա նայեց ինձ ու ասաց. «Դե՛ն, ես սիրում եմ քեզ, խոստանում եմ հանել քեզ այստեղից»:
Այդ օրվանից այլևս ինձ մոտ չէին վերադառնում այն մտքերը: Ահա թե ինչպիսին է Հիսուսը: Նա գալիս է մեզ մոտ ամենահուսահատ պահերին, Նա կարող է փրկել մեզ ամենաանելանելի իրավիճակներից: Եվ Նա ցանկանում է տալ մեզ կյանք, երբ մեզ այնքան ցավոտ է: Նա գալիս է մեզ մոտ, Նա սիրում է մեզ և Նա ուզում է փրկել մեզ՝ ինչ խնդրի առջև էլ կանգնած լինենք:
Ավելի ուշ ես իմացա, որ ինձ համար առաջադրված էր երկու մահապատիժ: Առաջինը՝ որպես միսիոների, երկրորդը՝ որպես լրտեսի: Գտնվելով այդ բանտում՝ ես հաճախ էի լսում բանտարկյալների մահապատիժների մասին:
Վերջապես ինձ բերեցին դատարան: Ես նստած էի մեղադրյալի աթոռին, դահլիճում հարյուրավոր մարդիկ էին, տեսախցիկներ, դատավորներ: Եվ ինձ տրված էր հարց. «Ո՞րն է Իրան այցելության ձեր նպատակը»:
Իմ մեջ մի անհասկանալի ուժ բարձրացավ, իհարկե, դա Աստծո զորությունն էր: Եվ հիշում եմ՝ նայելով ուղիղ դատավորի աչքերին՝ ասացի. «Այո՛, ես եկել եմ Իրան, որպեսզի պատմեմ ձեզ Հիսուս Քրիստոսի մասին»:
Արտաբերելով այս նախադասությունը՝ ես միանգամից մտածեցի. «Աստվա՛ծ իմ, այս ի՞նչ եմ ես ասում»:
Բայց հանկարծ ես նորից նույնն ասացի, հետո՝ նորից: Իսկ հետո իմ սրտի հետ ինչ-որ բան կատարվեց: Եվ մոտ 20 րոպե ես Ավետարանն էի քարոզում:
Դահլիճում գտնվող բոլոր ներկաներին, բոլոր նրանց, ովքեր կարող էին ինձ լսել այդ ժամանակ, ես պատմում էի, թե Ով է Հիսուսը և որքան շատ է նրանց սիրում: Եվ հանկարծ ես մի բան գիտակցեցի. ես ազատ եմ… ես ազատ եմ:
Հետո՞ ինչ՝ եթե նրանք ինձ սպանեն: Չէ՞ որ իմ կյանքը փրկագնված է Հիսուսի արյամբ: Իմ տունը երկնքում է, և ոչ ոք չի կարող այն խլել ինձնից: Եվ ես հասկացա, որ հենց մահվան առջև երես առ երես կանգնած լինելով՝ Աստված տվել էր ինձ շնորհ, որ ես կանգնեի ու ասեի ճշմարտությունը:
Երբ ես դա արեցի, իմ սիրտը ազատ դարձավ: Ես հասկացա, որ այս կյանքը դեռ ամենը չէ: Կա ավելին… մի օր ես կհայտնվեմ իմ տանը, և ոչ ոք չի կարող ինձ զրկել դրանից»:
Եվ այսպես՝ անցկացնելով 10 ամիս իրանական բանտում՝ Դեն Բաումանը ազատ է արձակվում՝ Իրանի Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Այժմ նա շարունակում է միսիոներական գործունեությունը աշխարհով մեկ:
Աղբյուրը` crossnews.am