15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համայնքների խոշորացման ծրագիրը՝ Հանրային խորհրդում

Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 10-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք:
Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը:
 
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկման սկզբին բարձրացրել է ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որոնք մտահոգում են խորհրդի անդամներին ու հանրությանը: Նա հիշեցրել է, որ նախկինում հարցը Հանրային խորհրդում մի քանի անգամ քննարկվել է, և խորհրդի անդամները՝ մասնավորապես ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, բազմաթիվ մտահոգություններ է առաջ քաշել, որոնցից մեկն էլ պայմանավորված է խորհրդային տարիներին նմանատիպ ծրագրի իրականացման հետևանքով մոտ հարյուր գյուղերի վերացման փաստով:
 
Վազգեն Մանուկյանը մտահոգիչ է համարել նաև ծրագրի իրականացումը Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի և գյուղերում տեղի ունեցող արտագաղթի պայմաններում՝ նշելով, որ յուրաքանչյուր նմանատիպ ծրագիր իրականացնելիս պետք է անել ամեն ինչ՝ հասարակությանը զերծ պահելու հնարավոր ցնցումներից:
 
Նա ծրագրի իրականացման ամենաառաջնային պայմաններից է համարել նաև բնակչության լիակատար համաձայնեցումը և հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացումը:
Միաժամանակ ՀԽ ղեկավարը դրական է համարել այն հանգամանքը, որ ծրագիրը պիլոտային է, ինչը ժամանակին առաջարկվել էր Հանրային խորհրդի կողմից:
 
Այնուհետև «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ, ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը մանրամասնորեն ներկայացրել է ծրագրի բովանդակությունը, իրականացման մեխանիզմները, սպասվող արդյունքները: Նա նշել է, որ սկզբում ծրագիրը մեծ ընդդիմախոսության էր հանդիպում համայնքներում՝ հատկապես համայնքի ղեկավարների կողմից, սակայն բացատրական աշխատանքների արդյունքում ընդդիմախոսների բանակը նվազել է:
 
Պատասխանելով Հանրային խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին ու հնչող մտահոգություններին՝ Վահան Մովսիսյանը հավաստիացրել է, որ ծրագրի իրականացմամբ որևէ գյուղ չի կորցնելու իր անվանումը, ավանդույթներն ու դիմագիծը, փոխարենը բարելավվելու են կառավարման մեխանիզմները, ինչը դրական է անդրադառնալու գյուղերից յուրաքանչյուրի վրա: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանն առաջարկել է նախ հստակեցնել ծրագրի անվանումը, ինչը Վահան Մովսիսյանն ընդունել է՝ նշելով, որ իրենց կողմից արդեն իսկ հնչում է ոչ թե «համայնքների խոշորացում», այլ «համայնքների կառավարման մարմինների միաձուլում» ձևակերպումը:
Մարզպետարանների ներկայացուցիչները նույնպես խոսել են ծրագրի իրականացման արդյունքում սպասվող դրական փոփոխությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ պիլոտային ծրագիրը դրական արդյունքներ կգրանցի մարզերում՝ բարձրացնելով կառավարման որակը, նպաստելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և լուծելով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
Ամփոփելով քննարկումը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ հարցը քննարկան կդրվի նաև Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Նա նաև հայտնել է, որ Հանրային խորհուրդն ուշիուշով կհետևի մայիս ամսին 3 մարզերում հանրաքվեի անցկացման գործընթացին:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ