29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը պահանջել են զվարճանալու համար իրենց մոտ տանել կանանց եւ աղջիկներին

Մելիք Աբրահամի պատմությունը

Ալջավազ

Գայանե Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պապի՝ Մելիք Աբրահամի ու նրա ընտանիքի պատմությունը: Մելիք Աբրահամը, իմանալով, որ թուրքերը շարժվում են դեպի իրենց գյուղ Ալջավազ, պատվիրել է բոլոր տղաերեխաներին կանացի շորեր հագցնել և Վանա ծովում իր գյամիով (լաստանավով) մի մասին, մյուսներին տարբեր փոխադրամիջոցներով, փախցրել հեռացրել է գյուղից:

«Ես գրում եմ այն, ինչ բազմիցս լսել եմ իմ հորից, ում այս ամենը պատմել է իմ մեծ տատը` Մարգարիտը: Իմ հոր պապը` Մելիք Ափրեն (Մելիք Աբրահամ) ապրել է Ալջավազում: Նա կնության է վերցրել Մարգարիտին՝ մեծ տատիս, 13 տարեկանում: Նրանք 3 երեխա են ունեցել՝ 2 տղա և 1 աղջիկ: Հայրս նրանց մեծ որդու միակ տղան է եղել, որը ծնվել է 1910-ին: Քույրերն ու եղբայրները մահացել են տարբեր պատճառներով, և նա մնացել է մենակ:

Մելիք Աբրահամը, իմանալով, որ թուրքերը շարժվում են դեպի իրենց գյուղ Ալջավազ, պատվիրել է բոլոր տղա երեխաներին կանացի շորեր հագցնել և Վանա ծովում իր գյամիով (լաստանավով) մի մասին, մյուսներին տարբեր փոխադրամիջոցներով, փախցրել հեռացրել է գյուղից, և երբ թուրքերը Բշերա Չատոի գլխավորությամբ մտել են գյուղ, լկտիաբար պապիցս պահանջել են կանանց և աղջիկներին զվարճանալու համար, իսկ նա, քանի որ կանանց արդեն դուրս են բերած եղել գյուղից, պատասխանել է, թե եթե դուք աղջիկներ ունեք բերեք իմ տղաների մետ:

Այստեղ թուրքերը գազազել են և սկսել այրել ամբողջ գյուղը, բայց բարեբախտաբար այնտեղ մնացած են եղել միայն զինված տղամարդիք, ովքեր շատ քիչ են եղել և անհավասար կռվում զոհվել են:

Զոհվել է նաև պապս, ով պատվով է պաշտպանել իր գյուղը: Նրան դաժանաբար են սպանել. տանջամահ են արել … 

Իսկ մայրս էլ՝ Վերոնիկա Տեր – Հովհաննեսի Գրիգորյանը, իր ընտանիքով գաղթել է Վանի նահանգի Ջանիկ բնակավայրից: Նա էլ անընդհատ կրկնում էր Բաղդադ, Բաքուբա քաղաքների մասին: Պապս` Տեր -Հովհաննես Գրիգորի (Գևորգի) Գրիգորյանը (ծնվ. 1872թ.) քահանա էր և շատ գրագետ ու կրթված մարդ: Նրա պատասխանատվությամբ 300 գաղթական տեղափոխվում է Հայաստան անգլիական կառավարության հովանավորությամբ: 

Մայրս պատմում էր, որ նրա քեռու աղջիկը` Ուստիանը, ծննդաբերել է գաղթի ճանապարհին` սայլի վրա և զույգ տղա է ունեցել : Ականատես է եղել և պատմել է, որ Թուրքերը հարձակվել են ու սկսել են կոտորել ժողովրդին: Ուստիանը, լինելով նոր ծննդկան, չի կարողացել շարժվել տեղից: Նրա սայլին մոտեցել են 2 թուրք, տեսել են կնոջը և երեխաներին հետո սկսել են իրար հետ կռվել և մեկը մյուսին սպանել է հետո հաղթողը սայլը կնոջ հետ քշել տարել է»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ