06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այցելություն Կաթնաղբյուր

 

«Երևան ջուր» ՓԲԸ-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել: Ամեն տարի` ընկերությունը կազմակերպում է դպրոցականների՝ ուսուցիչների ու ծնողների հետ համատեղ ճանաչողական այց համակարգի ջրաղբյուրներից որևէ մեկը: Անցյալ տարի ջրի դաս անցկացվեց Արզնիի ջրաղբյուրում, որից հետո` այնտեղ արդեն Վարդավառի տոնին դպրոցականների ու հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ կատարվեց ջրօրհնեքի կարգ:

 

Այս տարի ջրի դաս անցկացվեց Կաթնաղբյուրում, որին մասնակցեցին և ելույթով հանդես եկան նաև  «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը և Վեոլիա խմբի ներկայացուցիչները:

 

Երբ 1909թ. նորաստեղծ «Էրիվանյան ջրմուղ» փայատիրական ընկերությունը ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ ձեռնամուխ եղավ ջրին կարոտ նահանգային կենտրոնի ջրմուղի կառուցմանը, որոշվեց առաջին ջուրը բերել Կաթնաղբյուրից: Առավել ևս, որ այն Երևանից ընդամենը 20կմ էր հեռու: Սակայն համակարգը բուռն զարգացում ապրեց արդեն խորհրդային իշխանության տարիներին: Անցյալ դարի 20-ականներին  Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանը բուռն զարգացում էր ապրում: Արագորեն թոթափվում էր հարյուրամյակների փոշին, քաղաքը «հասակ էր առնում», նաև`«երիտասարդանում» ու լցվում նոր բովանդակությամբ: Ջուր էր պետք, շատ և մաքուր ջուր, ոչ միայն քաղաքացիներին, այլև արդյունաբերական ձեռնարկություններին: Եվ իշխանությունը ձեռնամուխ է լինում Երևանում ջրամատակարարման ու ջրահեռացման  համակարգի ստեղծմանը: 1932 թ. կառուցվում է Կաթնաղբյուրից Երևան եկող 650մմ տրամագծով և 22կմ երկարությամբ բետոնյա ջրատար /թողունակությունը՝ վայրկյանում 615լ ջուր/, որը մայրաքաղաքի բնակիչներին ծառայեց շուրջ 40 տարի: 1951թ. Կաթնաղբյուրից ևս մեկ ջրատար է բերվում Երևանի հյուսիսային շրջանների համար: Իսկ 1960թ. անցկացվում է  26կմ երկարությամբ և 900մմ տրամագծով պողպատյա երրորդ ջրատարը: Ներկայումս Կաթնաղբյուրը քաղաքամայր Երևանին ջուր մատակարարող 10 աղբյուրներից ամենախոշորն է: Այստեղից մայրաքաղաք է մղվում վայրկյանում մոտ 2350 լիտր ջուր, որը 3 մայրուղային խողովակաշարերով անցնելով մոտ 20 կմ, հասնում է Երևան և ներքաղաքային բաշխիչ ցանցի միջոցով տրվում սպառողներին: Իսկ Կաթնաղբյուրի ջուր ստանում են Նոր Նորքի, Ավանի, Սարի Թաղի, Քանաքեռ-Զեյթունի ու Կենտրոնի բնակիչները:

 

2013 թվականին Կաթնաղբյուրում մեծածավալ աշխատանքներ կատարվեցին, որի նպատակը առաջին հերթին ջրի որակի ապահովումն է, ինչպես նաև աղբյուրների վերանորոգումն ու տարածքի բարեկարգումը:

 

 

 

            Կըրխբուլաղ /Քառասուն աղբյուր/,այսպես էր կոչվում աղբյուրը ժամանակին, որի համբավը դարեր ի վեր էր հայտնի մարդկանց՝ առատ և բարձրորակ ջրերի շնորհիվ:

 

            Աբովյանին հարակից Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում, քարե պարսպի հետևում, ասես այլ աշխարհ է: Շուրջբոլորը ծառ ու ծաղիկ է և անդորր:  Մոտ 32 հեկտար կազմող սանիտարական գոտին հուսալիորեն պահպանվում է ոստիկանության կողմից. այստեղ արգելված է ամեն մի տնտեսական գործունեություն: Բնության կամքով այստեղ զօր ու գիշեր արարվում է ջուրը և տասնամյակների ընթացքում ձևավորված հզոր համակարգով անխափան մատակարարվում է մայրաքաղաքին: Կաթնաղբյուրը կարելի է համարել պատմական ջրաղբյուր: Այստեղ է գտնվում Նիկոլայի աղբյուրը, որը թերևս ամենահինն է համակարգում: Այն այսօր էլ շարունակում է գործել, բայց արդեն ունի միայն խորհրդանշանական նշանակություն:

 

            Ըստ ընկերության որակի լաբորատորիայի՝ ջրի կոշտությունը, այսինքն նրա մեջ տարալուծված հանքային նյութերի ընդանուր քանակը, կազմում է ընդամենը 0,9-1,3 մգ մեկ խորանարդ դեցիմետրում՝ թույլատրելի 7 միլիգրամից: Իսկ ժայթքում է այն ընդերքից ունենալով 6-8 աստիճան ջերմություն: Այս ամենի շնորհիվ Կաթնաղբյուրի ջուրը մշտապես զով է ու թավշյա:

 

         Դպրոցականներին տեղում բաժանվեցին մամուլի հաղորդագրություններ, որոնք պատմում էին Կաթնաղբյուրի ջրաղբյուրի մասին, ինչպես նաև տրամադրվեցին մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի, «Երևան Ջուր» ՓԲԸ մասին պատմող գունավոր թռուցիկ և Երևան Ջուր ու Վեոլիա ընկերությունների ապրանքանիշերով թղթե գլխարկներ և դրոշակներ:

 

            Դպրոցականները ծանոթացան ջրաղբյուրի սանիտարական գոտում տեղակայված կառույցներին, կապտաժներին, քլորակայանին ու կանաչապատ տարածքներին: Մասնագետ-դասախոսի օգնությամբ` նրանք մատչելի տեղեկություններ ստացան ջրի գոյացման տեխնոլոգիայի, նրա բաղադրության ու որակի, ինչպես նաև այն մասին, թե ինչ ճանապարհով է  ջուրը հասնում սպառողին: Հյուրերը սեփական փորձով համոզվեցին, թե ինչ դժվարությունների հետ է կապված ջրի մատակարարումը, որքան բարդ է ընկերության համակարգը և որքան կարևոր է խմելու ջուրը մեզանում օգտագործելը ըստ նշանակության: Տեղում ցուցադրվեցին թեմատիկ բնույթի դեդակտիկ նյութեր` պլակատներ, քարտեզներ:

 

Ջրաղբյուրում անցկացրած այդ մի քանի ժամը օգնեց դպրոցականների մեջ սերմանելու հարգանքը ջրի` որպես կենարար հեղուկի հանդեպ, առանց որի անհնարին է կյանքը:

 

Վերադարձան նրանք Երևան նոր, հետաքրքիր տպավորություններով ու գիտելիքներով, որը հուսանք կօգնի ընտանիքում, համադասարանցիների ու հասակակիցների շրջանում համապատասխան բացատրական աշխատանք տանել:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

 

Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ