Կառավարության անդամները չեն հարցնում Գևորգ Կոստանյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ցանկացավ ճշտել, թե կառավարությունը հետևում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին: Նա նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մշտապես մասնակցում է կառավարության նիստին, և հետաքրքրվեց, թե կառավարության անդամները հարցեր չեն բարձրացնում, թե ինչու ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Վալերի Պերմյակովին, ով գտնվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում:
Պատգամավորը նկատեց, որ փոխարենը ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ձերբակալում են Ժիրայր Սեֆիլյանին ու Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներին իրենց քաղաքական հայացքների համար:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ թեև Գլխավոր դատախազը մասնակցում է նիստերին, սակայն կառավարությունն այն լիազորություններն է իրականացնում, որ ունի ըստ Սահմանադրության, ու նման հարցեր էլ չի տալիս դատախազին:
Վերջին ձերբակալությունների վերաբերյալ նախարարն ասաց, որ կառավարությունը գնահատական չի տա ու կմնա ձեռնպահ:
Փոստանջյանն արձագանքեց, որ բոլորի պահանջն ու սպասումն արդարադացի է, որ Պերմյակովին դատեն հայ իրավապահներն, ու նա պատիժը կրի ՀՀ-ում, և մինչ այս պահը հայտնի չէ, թե ՌԴ գլխավոր դատախազն ինչ պատասխան է տվել Գևորգ Կոստանյանին, և հետաքրքրվեց, թե կառավարությունը որևէ բան անելու է, որպեսզի խախտված հայ-ռուսական պայմանագրերը կարգի բերվեն, այսինքն՝ Պերմյակովին վերադարձնեն հայկական կողմին: «Հայ հանրությունը պե՞տք է հասկանա, որ ունի պետություն, որը պահանջատեր է իր իրավուքնների վերականգնման համար, մինչ այս պահը պետական պաշտոնյաները հերիք չէ, որ պաշտոնապես չցավակցեցին, սուգ չհայտարարեցին, ոչ էլ պաշտոնապես դիմեցին ռուսական կողմին»,-շեշտեց նա:
Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ հայ իրավապահները անգործության չեն մատնված, Հայաստանի կառավարությունն իր իրավասության շրջանում անում է ամեն ինչ, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն: «Քննությունն ընթանում է թե հայ ու ռուս իրավապահ մարմինների կողմից, հույս ունեմ, որ ականատես կլինենք օբյեկտիվ ու իրավական լուծման»: