15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարոկկոյի պատվիրակությունն Ազգային ժողովում

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի երկու երկրների բարեկամական հարաբերություններում եւ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ քաղաքական ու միջկուսակցական երկխոսության ակտիվացմանը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նա կարեւորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին եւ երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ հույս հայտնելով, որ դեսպանն ու հյուպատոսը իրենց գործուն աջակցությունը կունենան այդ կապերի ամրապնդման հարցում:

Մինա Թունսին եւ Մեհդի Լարակին հաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստելու երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը, կին խորհրդարանականների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, համագործակցությանը նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ