ԲՀԿ-ի շուրջ բամբասանքներն ու ինտրիգները շարունակվում են
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ որոշ մարդիկ, որոշ խմբեր տոգորված են՝ ԲՀԿ-ի ու համանուն խմբակցության շուրջ ինտրիգներ փնտրելով: Նա նկատեց, որ ԲՀԿ-ն արդեն կարողացել է հաղթահարել այն ճգնաժամը, ստեղծված իրավիճակը, որ եղավ փետրվարյան իրադարձությունների արդյունքում:
«Բայց բամբասանքները, ինտրիգները շարունակվում են մեր խմբակցության վերաբերյալ: Մենք խնդիր չունեք նրանց հետ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից: Բոլոր նախկին գործընկերների հետ բաց ու լավ հարաբերություններ ենք շարունակում ունենալ»,-հայտարարեց ԲՀԿ խոսնակը:
Նա տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում այցելելու են մարզեր, իրենց օրակարգում մնում է երկրում փոփոխությունների իրականացման հարցը, Հայաստանի քաղաքացիների կենսական ու խնդիր պահանջող հարցերի լուծումը: «ԲՀԿ-ն եղել է, կա ու մնալու է հայաստանյան քաղաքական դաշտի ամենալրջագույն դեր ունեցող կուսակցություններից մեկը»,-ասաց Բաբայանը: