28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի՞թե սա հրաշք չէ

Ամեն անգամ, երբ կարդում եմ Ելից գիրքը, ես ապշում եմ: Ինչպե՞ս իսրայելացիները կարող էին տրտնջալ: Ինչպե՞ս նրանք կարող էին լինել այդչափ անշնորհակալ ու մոռացկոտ:

Աստված հենց նոր «դեն նետեց» երկրի ամենազորավոր մարդուն, ինչպես երեխան կարող է վարվել խաղալիքի հետ: Աստված ոչ թե նվաստացրեց փարավոնին, այլ քանդեց փարավոնի «աստվածության» գաղափարը՝ ցույց տալով նրա լիակատար պարտությունը:

Այն, որ Աստծո ժողովուրդը փրկվեց գերությունից, Եգիպտոսում լիակատար քաոս առաջացրեց: Այն, ինչ կատարվեց Նեղոսի ափերին, արձագանք գտավ ողջ աշխարհում՝ ժողովուրդները ահով լցվեցին Իսրայելի Աստծո հանդեպ:

Հոգևոր մոռացկոտությունը մահացու հիվանդություն է:

Այո, Եգիպտոսի գերությունից ազատվելուց հետո Իսրայելի ժողովուրդը ոչ միայն չէր երկրպագում Աստծուն, փառավորում Նրան ու վստահում ողջ սրտով, այլև տրտնջում էր, բողոքում ու զայրանում. «Մովսե՛ս, ջուր չկա: Որտե՞ղ է միսը: Մովսե՛ս, ո՞վ է քեզ գլխավոր նշանակել մեզ վրա: Որտե՞ղ է խոստացված երկիրը»: Հոգևոր մոռացկոտությունն արագորեն թափ էր հավաքում ու դրսևորվում՝ կուրացնելով իսրայելացիների աչքերն ու սրտերը: Նրանք մոռացել էին Աստծո ազատագրումն ու Աստծո ողորմածությունը իրենց հանդեպ:  

Իսրայելի ժողովուրդը, որ ականատես էր եղել Աստծո աներևակայելի հրաշքներին, ընդամենը մի քանի օր անց անապատում սկսեց տրտնջալ Աստծո դեմ: Դա նման չէր այն բողոքին, որ մենք անում ենք, երբ մեր գլուխն է ցավում, կամ էլ արյան մեջ նվազում է շաքարի մակարդակը: Դա անհավատարմության դրսևորում էր: Դա սրտի վիճակ էր, որ երևակայում էր, իբրև թե. «Ավելի լավ գիտի, թե ինչ պետք է անել»: Նման վիճակում մենք չենք հետևում Աստծո ծրագրերին, այլ պահանջում ենք, որ Աստված կատարի մեր քմահաճույքները:

Ինչո՞ւ ենք տրտնջում: Բոլորիս սիրտն է այդպիսին՝ հակված տրտունջի: Ես լիովին կարող եմ նմանվել Իսրայելի ժողովրդին. «Տե՛ր, ես գիտեմ, որ Դու մահացար խաչի վրա իմ մեղքերի համար, փրկեցիր ինձ դժոխքից ու տանջանքներից, տվեցիր Քո ներկայության հավիտենական ուրախությունը, բայց ամենը, ինչ ունենք այսօր նախաճաշին՝ մակարոն է»:

Դժգոհությունը, տրտունջը և դրա մնացած դրսևորումները՝ այս ամենը մեր արձագանքն է՝ ուղղված, ի վերջո, ոչ թե հանգամանքներին, այլ՝ Աստծուն: Իսրայելի ժողովուրդը տրտնջում էր, երբ ստրկության մեջ էր, հետո տրտնջում էր, երբ Մովսեսն էր առաջնորդում իրենց, հետո կրկին տրտնջում էր, երբ անվտանգ անցնում էր անապատով: Եվ նման տրտունջի աղբյուրը ստեղծված իրավիճակը չէր, այլ նրանց սրտերը, ինչը վերաբերում է նաև մեզ:

Գոհացող սիրտը կախված չէ բանկային հաշիվներից, բժիշկների ախտորոշումներից և աշխատանքային հաջողություններից: Տարբեր իրավիճակներում մեր դրսևորած դժգոհությունն ու տրտունջը բացահայտում են մեր սրտի իրական դիրքն ու պարունակությունը:

Հոգևոր մոռացկոտությունը մահացու հիվանդություն է, որն ավելի մեծ սպառնալիք է՝ ուղղված մեր հավատքին և ուրախությանը, քան քաղցկեղը: Այն ներթափանցում է մեր էության խորքն ու առաջացնում է փտություն ներսից:

Եվ դրա միակ հակաթույնը լավ հիշողությունն է՝ Տիրոջ բարությունը, փրկագնումը և փրկությունը հիշելը: Սա մշտապես պետք է դաջվի մեր հիշողության մեջ: Մի՛ մոռացեք, հիշեցրեք ինքներդ ձեզ: Նկարեք դա ձեր տան պատերին:

Նման սկզբունք կա Ելից գրքում: 40 տարիների ընթացքում Իսրայելին տրվեց հետևյալ ճաշացանկը՝ մանանա երկնքից: Եվ Աստված հրամայեց Մովսեսին հատուկ սափորի մեջ հավաքել երկու կիլոգրամ մանանա՝ «հիշողության համար», որ հետագա սերունդները հիշեն Աստծո ողորմության մասին (Ելից 16.32-33):

Այստեղ երկու հրաշք ենք տեսնում՝ մանանան սափորի մեջ չէր փչանում, ի տարբերություն սովորական մանանայի (Ելից 16.20): Աստված պահպանում էր այն, որ հիշեցնի Իսրայելի ժողովրդին Իր հոգատարության ու հավատարմության մասին: Եվ ոչ միայն դա, Աստված Իր ժողովրդի կյանքն էլ էր պահպանում՝ անգամ կյանքից զուրկ անապատում: Այդպիսով, մանանայով լցված այդ սափորը հիշեցնում էր մի կարևոր ճշմարտության մասին՝ Աստված հոգում է: Նա հոգ էր տանում Իր ժողովրդի համար, երբ այն Եգիպտոսից դուրս գալու ճաապարհին էր, և հոգ էր տանում Իր ժողովրդի համար անապատում:

Եվ այսպես, մի կորցրեք ձեր միակ միջոցը հոգևոր մոռացկոտությունից խուսափելու համար. գործադրեք ձեր բոլոր ջանքերը՝ հիշելու և չմոռանալու Աստծո փրկությունը: Մի պահ պատկերացրեք. մեղավորը, ով ժամանակին թշնամի էր Աստծուն, դարձել է Աստծո սիրելի զավակը: Մի՞թե սա հրաշք չէ:

Սթիվեն Լի

crossnews. am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ