Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական վճռորոշ շրջափուլի առջև․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական վճռորոշ շրջափուլի առջև։ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև խորացող տարաձայնությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական դաշինքի ձևավորումը, ստեղծում են նոր ուժային բալանս, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես առանցքային խաղացող։ Մեր երկրի աշխարհագրական դիրքը և ավանդական կապերը թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի հետ հնարավորություն են տալիս ոչ միայն դառնալու կարևոր լոգիստիկ և էներգետիկ հանգույց, այլև վերածվելու ռազմավարական կամրջի, որն ի զորու է ձևավորել միջազգային օրակարգ։ Սակայն այս ներուժի իրացումը պահանջում է քաղաքական կամք, նախաձեռնողականություն և ուժեղ ղեկավարություն, որը կգործի կանխատեսելի ու հեռատեսորեն, այլ ոչ թե պարզապես կարձագանքի տարածաշրջանային մարտահրավերներին՝ այսօրվա ՀՀ կառավարչների օրինակով։
Գլոբալ ճգնաժամերի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ միջպետական հարթակը, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են վարել կառուցողական երկխոսություն։ Հայաստանի ներկայիս իշխանությունները փաստացի փակել են այս ձևաչափը, ինչը թույլ է տվել Ադրբեջանին միակողմանիորեն վերահսկել Արցախի հարցի միջազգային օրակարգը։ Սակայն Մինսկի խմբի վերականգնումը կարող է ոչ միայն նորից ակտիվացնել Արցախի հարցը միջազգային մակարդակում, այլև ապահովել գերտերությունների համար եզակի դիվանագիտական միջավայր, որտեղ նրանք կարող են վերականգնել իրենց փոխգործակցությունը։ Հայաստանի նոր իշխանությունը, դառնալով այս գործընթացի նախաձեռնողը, կարող է վերածվել եռակողմ երկխոսության միջնորդի և վերականգնել երկրի կորցրած դիվանագիտական կշիռը։
Այսօր Հայաստանը հնարավորություն ունի վերափոխվելու տարածաշրջանային կայունության և միջազգային երկխոսության առանցքային հարթակի։ Մեր երկիրը կարող է դառնալ ոչ թե արտաքին ուժերի քաղաքական խաղերի օբյեկտ, ինչպիսին ՀՀ-ն սարքել են Նիկոլը և ՔՊ-ն, այլ՝ ինքնուրույն որոշումներ կայացնող և աշխարհաքաղաքական օրակարգ թելադրող դերակատար։ Դրա համար անհրաժեշտ է իշխանություն, որը կարող է վերականգնել միջազգային բանակցային մեխանիզմները, ապահովել երկրի ինքնիշխան շահերի պաշտպանությունը և Հայաստանի աշխարհագրական դիրքը դարձնել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական զարգացման կարևորագույն գործոն»։