Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու
2008 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվեց պետական մակարդակով նշելու Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակը։ ՀՀ Նախագահի օգոստոսի 22-ի կարգադրությամբ /ՆԿ-132/ ստեղծվեց տոնակատարության միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Օշականում։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարեց ամփոփել նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները և ներկայացնել պետական հանձնաժողովի հաջորդ նիստին, որով սկզբնավորվեցին և ամբողջացվեցին Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակին, մինչև 2012 թվականը, իրականացվելիք միջոցառումները։
2011 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ համատեղ կազմակերպված միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որով ազդարարվեց Հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարության միջոցառումների մեկնարկը։
2011-2012 թվականներին Հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև հանդիսավոր այլ արարողությունների, մասնավորապես Ժնևի գրքի տոնավաճառին, Վենետիկի «Հայաստան․ քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, Զմմառի վանական համալիրում մշակութային կենտրոնի բացմանը և հնատիպ գրքերի և ձեռագրերի ցուցահանդեսին և, վերջապես, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը, ուր 2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանին կարծես նախախնամությամբ հանձնվեց նորից 12-րդ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվո տիտղոսը, որին ներկա լինելու համար Հայաստանի մայրաքաղաք ժամանեցին աշխարհի 30 երկրներից գրական պատվիրակություններ և 50-ից ավելի պատվո հյուրեր։
Հայաստանի Ազգային գրադարանում 2013 թվականի փետրվարի 27-ին Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի ամփոփիչ նիստին, ինչպես նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պետական հանձնաժողովի նպատակն էր «ոչ միայն հանրահռչակելու հայ գիրքը արտերկրում, այլև, առաջին հերթին, ամրագրելու հայ գրքի ունեցած դերը մեր կյանքում, դերը մեր պատմության քառուղիներում, զարգացնելու և ընդլայնելու գրքի ու գրականության բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ գրադարանները, հրատարակչական ու գրավաճառ դաշտը։ Գրքին նվիրված այս բոլոր միջոցառումները չսահմանափակվեցին հոբելյանական ծրագրի շրջանակներում, այլ իրենց ձևաչափով, մոտեցումներով, թիրախային խմբերով և արդյունքներով դարձան ամբողջական և նպատակային ծրագիր։ Հայաստանը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ աշխարհին և հպարտությամբ նշել մի տոն, որ քիչ ժողովուրդների է հասու»։