Գերմանական հայտնի «Tagesspiegel» օրաթերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
«Tagesspiegel» գերմանական օրաթերթն ապրիլի մեկի իր համարում անդրադարձել
է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության
դիրքորոշմանը: Հիմնական հացադրումն է.
«Ինչու է կոալիցայի հայցադիմումից անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»:
Հեղինակներ Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
«Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն
անընդունելի է համարում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի
կոալիցիայի վերաբերմունքը:
«Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցից անմիջապես առաջ Բունդեսթագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ:
Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում եւ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան:
Ինչպես երեւում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել իբրեւ ցեղասպանություն»,-նշում են հոդվածագիրները:
Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկ ժամանոց քննարկում / նիստ է հրավիրված Բունդեսթագում, որին իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:
Հեղինակները մանրամասնում են, որ Միության (ՔԴՄ-ՔՍՄ) եւ սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը, ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձեւում էր:
Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի պատրաստած տեքստից,
Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից
պատգամավորներ ընդգրկող ոչ պաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի
կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել:
Ջեմ Օզդեմիրի ու Բունդեսթագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի
համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
ՔԴՄ-ՔՍՄ եւ Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողները՝ համապատասխանաբար, Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը, ցանկանում են ավելին անել, քան սրանից 10 տարի առաջ է արվել:
Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի պատրաստած համատեղ զեկույցում «ցեղասպանություն» բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում: Խմբակցությունների ղեկավարության եւ ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն, այսպես կոչված վիճահարույց հասկացությունը կրկին անհետացել է:
Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ «Tagesspiegel»-ի հրապարակման՝ հավանական է, որ «ցեղասպանություն» եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի:
Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը. «Անձամբ ես հիասթափված եմ, որ, ըստ էության, կարեւոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել»:
Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց տեքստով անվանի, դրանով կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, ով ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ:
Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերեւից կարգադրվել. այն տարածություն եւ ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխա հասարակությունում:
Նա միեւնույն ժամանակ ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» մի քանի տարի է՝ տաբու թեմա չեն Թուրքիայում եւ դրանց մասին բաց եւ քննադատական քննարկում է տարվում:
ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն եւ գնահատվեն:
Ջ. Օզդեմիրն այս առումով հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել:
Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը:
Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ այսպիսով ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում. «Փոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երեւանի համար կարող է նաեւ դեպի Եվրոպա դարպաս լինել»:
Նշենք, որ «Tagesspiegel» -ի այս հրապարակումը արտատպել է նաեւ հայտնի «Zeit» օրաթերթը: