ՔՊ-ում վրդովված են. նոր թիրախ կա
. «Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց եւ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որեւէ այլ գործառույթ չի կատարում: ՔՊ-ականներին զայրացրել է Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի այս մտերմությունը:
Ինչպես իշխանականներն են վրդովված պատմում մասնավոր զրույցներում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարեւոր հարցեր քննարկում, հաճախ նաեւ խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միեւնույնն է՝ չի հեռացնելու նրան:
ՔՊ-ականները այս մտերմությունը պայմանավորում են նրանով, որ Վահագն Խաչատուրյանը, թեեւ թղթով իշխող կուսակցության անդամ չէ, բայց ողնուծուծով ՔՊ-ական է, ու Փաշինյանի ասածը նրա համար սուրբ օրենք է, որից շեղվել չի կարելի:
Վահագն Խաչատուրյանը երկրում կատարվող կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ չունի սեփական տեսակետը, շարժվում է այնպես, ինչպես Փաշինյանը կասի, եւ առանց երկմտելու ու բովանդակության մեջ խորանալու՝ դակում է կառավարությունից իրեն ուղարկված ցանկացած փաստաթուղթ՝ կլինի դա նոր նշանակում, պաշտոնանկություն թե միջազգային որեւէ կարեւոր փաստաթուղթ:
ՔՊ-ականները Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի այս մերձեցումը պայմանավորում են նաեւ նրանով, որ վերջինս միանգամից երես թեքեց իր նախկին թիմից՝ ՀԱԿ-ից, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հոգով-սրտով նվիրվեց Նիկոլ Փաշինյանին»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: