Ֆուրշետ եւ դասական երաժշտություն. 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։
«Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման շրջանակում ապահովելու է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մասնակցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընտրված մանկավարժների (ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենների տեղակալներ, խմբակավարներ) պարգեւատրում»-ը:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է. «Միջոցառման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում ընդհանուր առմամբ 80 անձի համար ապահովել՝
. աթոռներ
. ֆուրշետ ծառայություն
. կանապեներ՝ մսային, աղցանային, բեկոնով, պանրով, հավով եւ բանջարեղենով
. թխվածքի տեսականի՝ կրեմային եւ ոչ կրեմային, բնական հյութեր, հանքային ջուր, աղբյուրի ջուր, լայմով եւ անանուխով զովացուցիչ ըմպելիք, գինի, միրգ, սուրճ, կոկտեյլի 6 սեղաններ՝ ձգվող սփռոցով, սառույցի ամաններ, աղբի համար նախատեսված տարաներ, 4 մատուցող, երկու հավաքարար»։
Միջոցառումն ուղեկցվելու է դասական երաժշտության ստեղծագործությունների կատարմամբ եւ տեւելու է առնվազն 2 ժամ։
Մատակարարը պետք է ապահովի. «70 փունջ ծաղիկ, յուրաքանչյուր փնջում՝ 11 վարդ ծաղիկներ. բացառապես թարմ, բնական վարդեր, տեսակը՝ հոլանդական կամ համարժեք, ծաղկի գլուխը (կոկոնը)՝ առնվազն 7 սմ տրամագծով, բարձրությունը՝ առնվազն 7 սմ, ցողունի երկարությունը՝ առնվազն 70 սմ, դեկորացիայի համար նախատեսված ժապավենով փնջավորված: Փնջերում ծաղիկների գույնը եւ փաթեթավորման ձեւը նախապես համաձայնեցնել հանրակրթության վարչության հետ»:
Երեւանի քաղաքապետարանը շռայլ է գտնվել եւ բոլոր մանկավարժների համար խրախուսական նվեր է պատրաստել։
Այսպիսով՝ «թվով 70 մանկավարժներին տրամադրել դրամական պարգեւատրում.
. բանկային նվեր քարտ 100.000-ական դրամով՝ թվով 26 մանկավարժներին
. թվով 27 մանկավարժներին բանկային նվեր քարտ՝ 150.000-ական դրամով
. եւ 17 մանկավարժներին՝ 200.000-ական դրամով»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: