11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող արել ու նետել գետը

Մարիամ Պետրոսյանի պատմությունը

1908 թ., Թերջան շրջան, Խաչգյուղ

Անահիտ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր տատի՝ Մարիամ Սարգսի Պետրոսյանի պատմությունը: Նա պատմել է, որ բոլոր հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող արել ու նետել գետը:

«Իմ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին պատմել է հայրիկիս, հայրս՝ ինձ: 

Տատս՝ Մարիամ Սարգսի Պետրոսյանը, ծնվել է 1908 թվականին Թուրքիայի Թերջան շրջանի Խաչգյուղ գյուղում: Ունեցել է երկու եղբայր՝ Համբարձումը և Մկրտիչը: Երբ թուրքերը սպանել են նրա հորը, նրանք տեղափոխվել են Հայաստան: Այսպես է պատմում տատս. «Բոլոր հայ երեխաներին կանգնեցնում էին Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող էին անում և նետում գետը: Հերթը հասել էր մեզ, երբ մի քուրդ թուրքերից գնում է մեզ և իր տանը պահում՝ որպես ծառա»: 

Տատիկիս մայրը՝ Վարդիթերը, որոշում է գիշերով երեխաների հետ միասին վերադառնալ Հայաստան:

«Մենք երկու ամիս շարունակ քայլում էինք անտառի միջով, ցերեկները թաքնվում, իսկ գիշերը շարունակում էինք գնալ: Գաղթի ճամփին մահացավ մայրս: 

Ես փոքր էի, չէի կարող երկար քայլել, եղբայրս ինձ շալակած էր տանում: Ոսկե դրամներ էինք տալիս քրդերին, որ մեզ օգնեին անցնեինք դժվարանցանելի արահետներով: Մոտ երկու ամիս քայլելուց հետո հասանք Գյումրի, որտեղ էլ ընկանք որբանոց: Երբ մեծ եղբայրս դարձավ չափահաս, մենք դուրս եկանք որբանոցից»: 

Տատս եղեռնի մասին պատմում էր թուրքերեն, և միշտ պատմելուց տխուր ժպիտ էր հայտնվում նրա կնճռոտված դեմքին, կարծես համոզված էր, որ հարյուր տարի անց մեղավորները կդատապարտվեն:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ