05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են․ 168.am

168.am-ը գրում է․ Տևական ժամանակ հասարակությանը մոլորեցնելուց հետո իշխանությունները ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են։ Դրանք բոլորովին էլ այնպիսին չեն, ինչպիսին մինչև վերջերս ներկայացնում էին։

Օրերս պաշտոնական վիճակագրությունը հայտարարեց, որ վերանայել է տնտեսական աճի նախկին ցուցանիշները և կտրուկ նվազեցրել։

Վերանայումից հետո, իշխանությունների այդքան գովաբանած համաշխարհային մակարդակի աճերից շատ քիչ բան է մնացել։ Թեև դեռևս շարունակում է բարձր մնալ ակտիվության ցուցանիշը, որն ավելի շուտ տնտեսության մեջ տեղի ունեցած դեֆորմացիայի հետևանք է և քիչ կապ ունի տնտեսական իրական դրսևորումների հետ, այնուհանդերձ, այն ևս սկսել է նահանջել։

Չորս ամսվա ընթացքում աճի տեմպը 4,7 տոկոսային կետով կրճատվել է։

Առաջին եռամսյակում այն հասել էր 14,3 տոկոսի, յոթ ամսվա արդյունքներով՝ կազմել է 9,6 տոկոս։ Դա էլ հիմնականում տարեսկզբի վիճակագրական աճերի շնորհիվ։

Տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների առարկայական պատկերը կարելի է տեսնել, մասնավորապես՝ ամսական ցուցանիշներում։

Վերջին շրջանում ակտիվության նախկին երկնիշ աճերը գրեթե կիսով չափ կրճատվել են։

Մայիսին տնտեսական ակտիվության աճը կազմեց՝ 5,2, հունիսին՝ 7, հուլիսին՝ 6,2 տոկոս, պայմանավորված նրանով, որ դադարեցին անցած տարվա վերջից ոսկու վերաարտահանումների արդյունքում արդյունաբերության մեջ «նկարված» բարձր աճերը։ Ռուսական ոսկին բերում, Հայաստանով արտահանում էին ու ներկայացնում տնտեսական աճի ցուցանիշների մեջ։

Դրա արդյունքում մի պահ արդյունաբերությունը դարձել էր տնտեսական աճի շարժիչ ուժը։

Երրորդ ամիսն է, ոսկու վերաարտահանումների ազդեցությունը տնտեսության վրա թուլացել է, այնպես չէ, որ ընդհանրապես վերացել է, պարզապես ավելի քիչ ռուսական ոսկի է մտնում ու դուրս գալիս Հայաստանից, հետևանքներն ակնհայտ են։

Հունիսին արդյունաբերության մեջ ընդամենը՝ 1,3, իսկ հուլիսին՝ 2,2 տոկոս աճ է արձանագրվել։

Երկու դեպքում էլ՝ նախորդ տարվա անկումից հետո։

Ընդ որում, ինչպես հունիսին, այնպես էլ հուլիսին նախորդ տարվա անկումն ավելի մեծ է եղել, քան այս տարվա աճը։ Դա նշանակում է, որ անգամ 2022թ. նկատմամբ արդյունաբերության մեջ վերջին երկու ամիսներին արտադրության ծավալների անկում է տեղի ունեցել։ Անկումը մի շարք կարևոր ոլորտներում է, այդ թվում՝ հանքարդյունաբերության մեջ, ՏՏ-ում, սննդի արտադրության, քիմիայի և այլ ճյուղերում։

Ճգնաժամ է հասունանում հատկապես ռազմավարական համարվող ՏՏ-ում, որտեղ երեք եռամսյակ անընդմեջ անկում է գրանցվում։ Աշխատատեղերը կրճատվում են, բիզնեսը փախնում է Հայաստանից, ինչին մեծապես նպաստում են իշխանությունների՝ մի կողմից՝ իրականացվող ֆինանսական, մյուս կողմից՝ հարկային քաղաքականությունը։

Այդ քաղաքականության հետևանք է նաև արդյունաբերության մյուս ճյուղերում առկա տխուր իրավիճակը։

Մինչև վերջերս ոսկու վերաարտահանումների միջոցով արձանագրվող բարձր աճերով փորձում էին քողարկել այս իրավիճակը, բայց, ինչպես ասում են, ասեղը պարկում դժվար է թաքցնել։ Տնտեսության խութերն աստիճանաբար բացահայտվում են։ Առաջին հայացքից՝ Հայաստանի տնտեսության մեջ ակտիվության մակարդակը թվում է, դեռ  բարձր է, բայց դրանից խնդիրները, լրջագույն խնդիրները չեն նվազել։ Առաջիկայում, երբ մեզ հայտնի արտաքին գործոնների ազդեցությունը շարունակի թուլանալ, ավելի են խորանալու ու առարկայանալու։

Չնայած ոսկու դերն արդեն նվազել է, այնուհանդերձ Հայաստանի տնտեսության եղած աճի մեջ դեռևս չափազանց մեծ է նաև բազմաթիվ այլ ապրանքների վերաարտահանումների նշանակությունը։ Ժամանակի ընթացքում դա էլ մարելու է։

Արդյունաբերությունից բացի, ոսկու վերաարտահանումների կրճատումն էական ազդեցություն է թողել արտաքին առևտրի ցուցանիշների վրա՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման մասով։

Մինչև վերջերս առանձին ամիսներին պաշտոնական վիճակագրությունն ընդհուպ 4,5 մլրդ դոլարի ամսական առևտրի շրջանառություն էր ցույց տալիս՝ գերակշիռ մասը ներմուծվող-արտահանվող ոսկին էր։ Վերջին ամիսներին այդպիսի ցուցանիշներ այլևս չկան։ Արտաքին առևտրի ծավալն ամսեամիս նվազում է։ Մայիսին այն կազմեց գրեթե 2,2 միլիարդ, հունիսին՝ 2 միլիարդից մի փոքր ավելի, իսկ հուլիսին իջավ 2 մլրդ դոլարից։

Հուլիսին Հայաստանից 811 մլն դոլարի արտահանում է իրականացվել։ Այնինչ՝ մարտին անցնում էր 1,8 միլիարդից։ Առանձին ամիսներին առնվազն կրկնակի ավելի էր, քան հուլիսի ցուցանիշը։ Ու այդ ամենը կապված էր բացառապես մեկ գործոնի հետ. այդ գործոնի դերը նվազել է. Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ արտաքին առևտրի կրկնակի-եռակի աճերը դադարել են։

Հուլիսին, նախորդ տարվա համեմատ, արտաքին առևտրի 35 տոկոս աճ է գրանցվել՝ նախկին 2,5-3 անգամ աճերի փոխարեն։

Էապես դանդաղել է ծառայությունների աճը՝ պայմանավորված արտաքին պահանջարկի կրճատումով։

Ոչ միայն ՏՏ, այլև տրանսպորտային ծառայություններն են կրճատվել, մյուս ճյուղում է աճի տեմպը թուլացել։

Տարեսկզբի յոթ ամիսներին ծառայությունների ծավալն ավելացել է հազիվ 4,5 տոկոսով։

Ոլորտները, որոնք դեռևս թույլ են տալիս տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր աճերի տպավորություններ թողնել՝ ներքին առևտուրն ու շինարարությունն են։

Առևտրի պարագայում աճը պայմանավորված է հիմնականում Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների կողմից ներկայացված լրացուցիչ սպառողական պահանջարկով։ Բայց առաջիկայում այդ գործոնի դերը կթուլանա՝ կապված նախորդ տարվա բազային գործոնի ազդեցության հետ։ Այն կսկսի արտահայտվել արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Ինչ մնում է շինարարությանը, ապա այստեղ ավելի շատ ռիսկեր են կուտակվել, քան ակնկալիքներ կան։ Նախորդ մի քանի տարիներին անընդհատ փչվող շինարարության փուչիկը ցանկացած պահի կարող է պայթել։ Թե դա ինչ հետևանքներ կարող է թողնել՝ նույնիսկ մտածելն է սարսափելի։

Այսպիսի «զարգացումների» վրա են կառուցված եղել Հայաստանի տնտեսության աճերը, որոնք աստիճանաբար փլվում են՝ լուրջ խնդիրներ ստեղծելով նաև պետական բյուջեի համար։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ