23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։

Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ եւ միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության միջավայր: «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Բանն այն է, որ հուլիսի 9-ին ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ակադեմիական քաղաքի» մեկնարկը տրվելու է 2030 թվականին, իսկ պետական եւ ոչ պետական բուհերի միացման մասով նշել է. «Ես այս պահի դրությամբ չեմ կարող ամբողջ ճշգրտությամբ ասել, մենք աշխատում ենք, որպեսզի օր առաջ բուհերն այդ միջավայրում կարողանան գործել»։

Մեկ ամիս անց մասնավոր բուհերի՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին միանալն արդեն հաստատ չէ, եւ նախարարի խոսքն արդեն դողում է։

Մինչեւ 16 բուհ, 80 հազար ուսանող, տարբեր ուղղություններ՝ արվեստներից մինչեւ սպայական, եւ գումարած հանրային շենքեր, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. հատակագծի վերջնական տարբերակում նույնիսկ մայրամուտով հիանալու վայր է նախագծված։

Հայաստանում 2023 թվականին, համաձայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, եղել է 80 հազար ուսանող, իսկ, օրինակ, 5 տարի առաջ՝ 2019-ին՝ 74 հազար 942 ուսանող, 10 տարի առաջ՝ 100 հազար 854 ուսանող։ 10 տարվա ընթացքում ուսանողների թիվը պակասել է 20 հազարով. թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում մարդկային տարբեր ռեսուրսներ տեղավորել 80 հազարի մեջ, հարցական է։

Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Գերմանական ճարտարապետական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլն էր մանրամասն ցուցադրում՝ ինչեր են լինելու։

«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի ի հայտ գալուց հետո՝ նախարար Ժաննա Անդրեասյանը թմբկահարում էր, որ քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին, սակայն գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրենը հակադարձեց նախարարին եւ հերքեց արդեն 2 տարի շարունակ վանկարկվող թեզերը։ Թոբիաս Քեյլն ասաց, որ 2029 թվականին առաջին շենքերը կկառուցվեն, իսկ քաղաքը կարող է ամբողջանալ 20-30 տարում։ Թոբիաս Քեյլը շեշտեց՝ սա միայն կրթական կենտրոններով քաղաք չէ, այստեղ ռեստորան էլ կլինի, առեւտրի կենտրոն էլ։

Ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստել է այսքան ժամանակ, կամ, ինչպես տեսնում ենք նրա պատասխաններից՝ որոշ բաներից անտեղյակ է։

Օրինակ՝ նախարար Անդրեասյանը չկարողացավ հստակ գումարային սահման նշել, թե որքան կարժենա «Ակադեմիական քաղաքի» նախագիծը, սակայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հստակ նշեց՝ 1,2 տրիլիոն դրամ։

Նախարարը ոչ միայն ժամկետների հարցում է ստել՝ 20-30 տարի միջակայքում սխալվելով, այլ նաեւ «Ակադեմիական քաղաքի» նախագծի ֆինանսաբյուջետային մասով։

Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքը կազմում է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար, գրեթե 4 տրիլիոն եւ ավելի դրամ, «Ակադեմիական քաղաքին» տրամադրվող 1,2 տրիլիոն դրամը կազմում է ՀՀ պետական պարտքի գրեթե 30%-ը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ