31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ամփոփվել են Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթները

Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթներն ավարտվել են պարգևատրման միջոցառումով, որին ներկա է եղել  և հաղթանակած աշակերտներին պարգևատրել  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, Վ. Տերյանի անվան դպրոցին, «Ջավախքի աջակցության հիմնադրամ»-ին՝ նախաձեռնության և աշակերտներին՝ ակտիվ մասնակցության համար։ Այս նախաձեռնությունը, մրցույթ լինելուց զատ, ունի նաև ճանաչողական կարևոր նշանակություն, քանի որ շատ երեխաներ, ովքեր առաջնորդվում էին բացառապես դասագրքերում եղած բանաստեղծություններով, վստահ եմ, որ մրցույթից հետո, երբ ընթերցեցին Տերյանի հատորյակները, նորովի, համակողմանի ճանաչեցին պոետին՝ սերերգու և հայրենասեր Տերյանին։ Շարունակե՛ք ընթերցել հայ գրականություն՝ անկախ հոբելյանական հռչակված օրերից ու նման առիթներից։ Հայ գրականությունը համաշխարհային գրականության շարքում, անշուշտ, ունի իր արժանի տեղը, որը հաստատելու, տարածելու գործում մեծ է պարտաճանաչ ընթերցասերի դերը։ Ընթերցե՛ք, շա՛տ ընթերցեք ու նորովի՛ ապրեցրեք հայ գրականությունը»,- ողջունելով աշակերտներին` հորդորել է քաղաքապետի տեղակալը։

Հունվարին մեկնարկած մրցույթն անցկացվել է դպրոցական և քաղաքային փուլերով՝ ասմունք, երգ, նկարչություն և աշակերտական ընթերցումներ անվանակարգերով։ Մրցույթին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցները։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել դերասաններ, ուսուցիչներ։

Անվանակարգերում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներից բացի, խրախուսական պարգևների են արժանացել նաև մրցույթին մասնակից տասնյակից ավելի աշակերտներ։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ