Շարժումը նոր թափով վերսկսվելու է

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին:
Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա պարանոցը»` Սյունիքն ու Վայոց Ձորը։ Նաեւ շարժման ներսում վերադասավորումներ են ընթանում, մշակում են ժամանակավոր կառավարության ծրագիրը, երկրի զարգացման տեսլականը:
Մեր աղբյուրն ասում է, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ծավալուն ծրագրեր են կազմվել` ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Երբ շարժումը կրկին ակտիվանա, այդ ծրագրերը կներկայացվեն հանրությանը։ Շարժման ակտիվը նախատեսում է փողոցը կրկին ակտիվացնել աշնանը, եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի:
Երեկ էլ սրբազանը հանդիպել է քաղաքական մոտ 2 տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ եւ ամփոփել կատարվածը, քննարկել առաջիկա անելիքները՝ կրկին իր ոճի մեջ չմանրամասնելով պլանները, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով է վերսկսվելու»
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: