23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնտեսական ակտիվությունը սուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանի տնտեսության անվտանգության բարձիկները չեն գործում, նորություն չէ։ Դրա արդյունքում է, որ մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։ Հենց այս երևույթն է, որ հիմա տեղի է ունենում։ Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել էր 10,4 %-ով, ապա մայիսին տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով: «Լույս» հիմնադրամը վերջերս հրապարակած վերլուծության մեջ ներկայացնում է, որ ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Նկատենք, որ ոսկերչությունն այն ոլորտն էր, որը վերջին ամիսներին դարձել էր ՀՀ տնտեսության քարշող ուժը։ Բայց ոսկերչության բուռն աճը ոչ թե պայմանավորված էր Հայաստանում գործունեության այս ուղղության կտրուկ զարգացմամբ, այլ վերարտահանման տեմպերով։

Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները դադարեցրել են ոսկերչական հումք ու ապրանքներ ներկրել Ռուսաստանից։ Փոխարենը դրանք գալիս են Հայաստան, որոշակիորեն մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Իսկ երբ արդեն փակվում են վերարտահանման կափույրները, Հայաստանի տնտեսությունը խնդիրների առաջ է կանգնում։ Ու ոսկերչական ոլորտի ակտիվության նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման ու ներմուծման տեմպերը։ 2024 թվականի մայիսին, երբ արտահանման համար նպաստավոր ժամանակահատված է, արտահանման աճը կազմել է 57,4 %՝ էականորեն դանդաղելով նախորդ ամիսների համեմատ:

Ներմուծման աճի տեմպը 2024 թվականի մայիսին դանդաղել է տասը անգամից ավելի՝ 210 %-ից հասնելով 17,2%ի: Փաստացի, տեսնում ենք, որ ոսկերչության ոլորտից մեր տնտեսության կախվածությունը դառը հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից՝ բավարար ուշադրություն չի դարձվում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում փաստացի աճ չի արձանագրվում կամ, լավագույն դեպքում, աճը զրոյական ցուցանիշին մոտ է։ Չնայած արդեն մի քանի տարի շարունակ գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում և բյուջեից ծախսվում են մեծ գումարներ, սակայն այս ոլորտն այդպես էլ խելքի չի գալիս։ Այս ամենի հետ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում ՀՀ տնտեսական հարաբերությունները ևս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Իշխանությունների ելույթների անբաժան մասն է դարձել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին ակնկալիքը, սակայն նույնիսկ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Օրինակ՝ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Ու Հայաստանն այդպես էլ բանակցություններ չի վարում այդ համակարգին վերադառնալու կամ նոր արտոնյալ ռեժիմ սահմանելու համար։ Չգիտես ինչու, հայաստանյան պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երկար-բարակ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն տնտեսության համար անհրաժեշտ այս հարցը չեն բարձրացնում։

Տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ ՀՀ տնտեսության համար մյուս ռիսկը բյուջե մուտքագրված գումարների նվազումն է։ Հունվար-ապրիլի համեմատ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է 1,4 տոկոսային կետով։ Իսկ եթե հարկային եկամուտները նվազում են, ապա բնական է, որ կառավարությունը նախատեսվող ծրագրերի իրականացումը կատարելու է պետական պարտքի ավելացման հաշվին։ Առանց այն էլ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոնով։ Իսկ պարտքային ճգնաժամից ժամանակավորապես հնարավոր է լինում խուսափել մեր երկրի ազգային արժույթի՝ դրամի գերարժևորման քաղաքականության արդյունքում, որի հետևանքով պետական պարտքՀՆԱ հարաբերակցությունը դեռևս մնում է կառավարելի տիրույթում։ Բայց երբ արտաքին տնտեսական ազդակների արդյունքում դրամը սկսեց արժեզրկվել դոլարի նկատմամբ, ապա պետական պարտքի առանց այն էլ ահռելի բեռն ավելի կծանրանա ու ավելի շատ միջոցներ կուղղվեն դրա սպասարկմանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ