Դա պահանջատիրության թաղման ուղերձն էր.Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին /վիդեո/
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին պատասխանն էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին»: «Այսօր իմ ելույթը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և հայտնի հռետորի այսօրվա ուղերձին: Ինչպես գիտեք, ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն անկյունաքարերն են ԼՂՀ միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը»,-ասաց նա և հիշեցրեց, թե Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհում ավելանում են այն երկրներն ու կառույցները, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:
Շարմազանովի խոսքով՝ դրա վառ ապացույցը վերջին տասնօրյակում եվրոպական 4 կառույցներում ԵԺԿ, Եվրանեսթ ԽՎ, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի և ԵԽ-ի բանաձևերն են, որտեղ խստագույնս դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությանը: «Բայց արի ու տես, որ կան գործիչներ, ովքեր զբաղեցրել են շատ-շատ բարձր պաշտոններ, եղել են իմ երկրի առաջին նախագահի պաշտոնում և այսօր հանդես են գալիս ուղերձով, որը մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել հայոց պետականության շահերի սպասարկում»,-ասաց նա: Շարմազանովը հարկ համարեց ծանոթացնել այդ ուղերձին և նկատեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ուղերձը ինքը կանվաներ Հայոց պահանջատիրության թաղման օր:
«Նա թաղում է Հայոց պահանջատիրությունը, և որպեսզի իմ հայտարարությունը մերկապարանոց չհնչի, ես կներկայացնեմ փաստեր»,-ասաց նա, և խոսեց ՀՀ-ի համար անկյունաքար հանդիսացող ՀՀ-ԼՀՂ-Սփյուռք եռամիասնությունից:
«Հարգելի պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ եզրագծից այն կողմ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, բայց ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ ավելի կարևոր է և պետք չի նման հայտարություններով հանդես գալ , դա չի բխում մեր պետության շահերից»,-եզրափակեց նա: