11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարը հստակեցրել է

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ մարզի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման սեզոնին ընդառաջ` ստորերկրյա ինքնաշատրվանվող և մեխանիկական եղանակով ջրառ իրականացվող հորերի ջրօգտագործման թույլտվությունների /ՋԹ/ խնդիրները, մարզի աղբավայրերում առկա իրավիճակը, աղբավայրերի կառավարման խնդիրները կանոնակարգելու, ոլորտը բարեփոխելու և վճռական քայլերի գնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների և տարածքների հստակեցման խնդիրները:

Քննարկման ընթացքում նախարար Գրիգորյանը հանձնարարականներ է տվել նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` արծարծված խնդիրների շուրջ համագործակցված կերպով աշխատել համայնքապետերի ու մարզպետարանի հետ և գտնել արդյունավետ լուծումներ:

Այնուհետև աշխատանքային խումբը մեկնել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Վեդու տեղամաս, որտեղ շնորհակալագրեր են հանձնվել մարտի 12-ին ամպրոպից արգելոցի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասնակիցներին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալագրեր  հանձնելով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած աշխատակիցներին և համայնքների բնակիչներին, ասել է. «Բռնկված հրդեհը զգալի վնաս է պատճառել բնության հատուկ պահպանվող տարածքին, սակայն այդ վնասը կարող էր ավելի մեծ լինել և հետևանքներն առավել ցավալի, եթե չլիներ ձեր անձնվեր վերաբերմունքը, արագ արձագանքն ու հրդեհաշիջման աշխատանքների միահամուռ և արդյունավետ իրականացումը: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ ոստիկանության մարզային կառույցի համապատասխան աշխատակիցներին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչպես նաև Վեդի և Ուրցաձոր համայնքների ղեկավարներին և անհատ կամավորներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով` պայքարեցին բնության այս տարերքի դեմ և նվազագույն կորուստներով ելք ապահովեցին այս արտակարգ իրավիճակից: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մեր երկրի հարստություններից է, որի նկատմամբ ուշադրությունն ու պատշաճ պահպանության իրականացումը ինչպես ՀՀ բնապահպանության նախարարության, այնպես էլ  յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքն է: Այնուամենայնիվ, բնության տարերքների դեմ անզոր ենք բոլորս, մեր խնդիրն է ճգնաժամային իրավիճակներում կարողանալ արդյունավետ կերպով   կազմակերպել պայքարի միջոցները, ինչը, հուրախություն մեզ, հաջողվեց»:

 ՀՀ բնապահպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, քննարկել ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:

_______________________________________________________________________________________________

Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվ կերպով ներգրավվել էին արգելոցի 30 աշխատակից, հարակից Վեդի և  Ուրցաձոր համայնքների բնակիչները, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները,  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները: Տեղում հրդեհաշիջման աշխատանքներին հետևել էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը և ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդի քաղաքի բաժնի պետ, գնդապետ Սևան Քոչարյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը: Բնական տարերքի դեմ տարվող աշխատանքները համակարգել էր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել էր մարել հրդեհը, խուսափել բնական աղետի ծավալների ընդլայնումից և շրջակա միջավայրին հասցվող վնասի մեծ չափերից:

Ամպրոպից  այրվել էր մոտ 10 հա խոտածածկ տարածք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ