Կհարգեի՞ք հրեաներին, եթե նրանց վարչապետը Հուդան լիներ․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Արմինե Ազիզյան․ «Պարոն Աշոտյան ի՞նչ ակնկալիքները ունեք այս պայքարի հետագա ընթացքից»։ Արմեն Աշոտյան․ Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։Սրբազանը շարժման առաջնորդն է,վարչապետի թեկնածուն է,շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչը արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է, անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։ Մեզանով մեծացնենք շարժման թափքը, հզորացնենք շարժիչը, ավելացնենք անիվները, որ շարժման ղեկը առավել վստահորեն և նպատակասլաց առաջ տանի շարժումը։
Սարդարապատի հուշահամալիրի մոտ վերջին իրադարձությունների համատեքստում նաև բժշկական օրինակ բերեմ։ 1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, որին կարելի է համեմատել ինֆեկցիայի՝ վարկի հետ։ 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում էր ներքին դավաճաններին, որոնք տվյալ դեպքում առավել նման են ուռուցքին՝ անկուշտ,պրիմիտիվ և ագրեսիվ բջիջներով։ Բժշկությունից հայտնի է, որ, որպես կանոն, ինֆեկցիայի դեմ ավելի հեշտ է պայքարել, քան ուռուցքի, դրա համար էլ դրսի ագրեսորներին հակադարձելը համեմատաբար ավելի հեշտ է, քան ներսի դավաճաններին։
Մանվել Գալստյան․ «ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ քննադատել են Նիկոլի իշխանության բիրտ ուժի կիրառումը, իսկ ռուսական ալիքները ինտեսիվ լուսաբանում են այս պայքարը։ Ի՞նչ եք կարծում, սա չի խոսում նաև շարժման հաջողության մասին»։
Արմեն Աշոտյան․ Գիտե՞ք, Պենտագոնի ղեկավարության դռներից մեկի վրա գրված է․ «Բարոյական հաղթանակները հաշիվ չեն»։ Անշուշտ, շարժումը գրանցել է մի շարք տակտիկական և օպերատիվ հաջողություններ, բայց եկեք չզբաղվենք ինքնահանդարտեցմամբ և հիշենք, որ շարժումը ունի ռազմաքաղաքական նպատակ, որին հասնելու համար պայքարը պետք է շարունակել՝ անվախ, անվրդով և անկոտրում։ Ինչ վերաբերում է դրսի ուշադրությանը կամ արձագանքներին, իհարկե լավ է որ շարժման նկատմամբ առկա է տեսանելի ուշադրություն։ Հավատացնում եմ Ձեզ․ տապալենք Նիկոլին՝ և Հայաստանը ոչ միայն կլինի միջազգային մամուլի գլխագրերում (դրանց կյանքի տևողությունը և կարևորությունը նշանակալի չեն), այլև կվերադարձնի իր երբեմնի արժանապատիվ անունը համաշխարհային քաղաքական օրակարգում։ Դրսի հարգանքը վերականգնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել ինքնահարգանքը, հայ ազգի ինքնագնահատականը։ Կհարգեի՞ք հրեաներին, եթե նրանց վարչապետը Հուդան լիներ։ Կհարգեի՞ք հույներին, եթե նրանց վարչապետը Հերոստրատը լիներ։ Կհարգեի՞ք իտալացիներին, եթե նրանց ղեկավարը Բրուտոսը լիներ։ Իսկ մինչև Փաշինյանի բաղձալի պաշտոնանկությունը աշխարհը մեզ վերաբերվելու է «ասա ո՞վ է վարչապետդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքով։
Նարինե Գալստյան․ «Ինչպես կմեկնաբանեք Ալիևի նոր պահանջը Հայաստանին՝ ճանաչել այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը»։
Արմեն Աշոտյան․ Ձեր հարցը երկու հարթություն ունի։ Իհարկե, դա ևս մեկ ապացույց է, որ Ալիևի պահանջների անընդհատ և ինքնամոռաց բավարարումը ծնում է նոր պահանջներ, որոնք գնալով էլ ավելի ցինիկ և լկտի են դառնում։ Ինչքան է խորացել ամենաթողությունը Նիկոլի և Ալիևի հարաբերություններում, որ ցեղասպան պետության ղեկավարը, ով, ուղիղ եթերում հայաթափելով Արցախը, էթնիկ հողի վրա սպանություններ և ռազմական հանցագործություններ արտոնելով, անպատիժ է մնացել։ Ադրբեջանը մշտապես է փորձել առաջ տանել Խոջալուի «ցեղասպանության» միֆը, ինչին Հայաստանը փաստարկված է և համակարգված կերպով հետևողականորեն հակադարձել է։ Մինչև հիմա, ականջներիս մեջ Սերժ Սարգսյանի կողմից ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին պորտատեղադրումը։ Պետական աջակցությամբ ստեղծվել էին բազմաթիվ նյութեր տարբեր լեզուներով, որոնք հիմնավոր կերպով հօդս էին ցնդեցնում ադրբեջանական կեղծ քարոզչությունը։ 2017-ի սեպտեմբերին Բաքվում ես ուղիղ հակադարձել եմ ադրբեջանական լրագրողների նման հարցին։ Այնինչ 2018-ից հետո նիկոլենք լուծարեցին Ադրբեջանի քարոզչության դեմ աշխատող պետական միավորները, իսկ արտաքին ճակատում ընդհանրապես ձայները կտրել էին։ Մյուս հարթությունը հենց դա է․ 2018-ից հետո նիկոլը զրոյացրել է և Ադրբեջանի դեմ քարոզչական պայքարը, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը։ Հիշո՞ւմ եք Նապոլեոնի խոսքերը․ «եթե չեք ուզում կերակրել սեփական բանակը, կերակրելու եք թշնամունը»։ Նույն կերպ Ալիևի հոխորտանքների օրինակով կարելի է ասել․ «Եթե հրաժարվում ես քո ցեղասպանությունից, ստիպելու են ճանաչել թշնամունը»։
Սաթենիկ Կարապետյան․ «Նիկոլը նորից ակտիվ տարածում է իր թեզերը պետության մասին իր պատկերացումներով, որոնց մեջ իսպառ վերացած է ազգայինը։ Ո՞նց կգնահատեք այդ խոսույթը»։
Արմեն Աշոտյան․ Նիկոլի կողմից հայ ժողովրդի ուղեղի լվացման նման պրիմիտիվ զեղումներով մեր ազգի դեմ վարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն է։ Նա իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ՝ հենց 2018-ից սկսած։ Նա չի բավարարվում մեր հողերը և մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով․ նա ուզում է նվիրել Ալիևին նաև մեր հայրենիքը։ Պատահական չէ, որ այդ նպատակին հասնելու համար նա դիմում է զանազան միջոցների՝ պաշտոնական առիթներից մինչև TikTok-ում պրիմիտիվ կոնտենտ տարածելով։ Նա լավ է հասկանում, որ հայ ժողովուրդը այնքան է դիմադրելու և նզովելու Փաշինյանին, քանի դեռ առաջնորդվում է իր ազգային «ես»-ի հիմնարժեքներով։ «Բալկոնում գունավոր շորտիկներով կոֆե խմելու» օրինակները մի կողմից իր չբավարարված կոմպլեքսների, մյուս կողմից՝ դիմացինին լիարժեք տհասի դեմ դնելու արդյունքն են։ Պարզ ասած՝ նրա նպատակը հայ ժողովրդի վերջնական դեբիլացումն է։ Չի կարող պետության առաջնային նպատակը «լավ ապրելը» լինի։ Մինչ պետության սոցիալ-տնտեսական ֆունկցիան նա միտումնավոր վերացնում է պետության առաջնային՝ պաշտպանական և պահպանական ֆունկցիաները, որոնք Փաշինյանը նպատակային կերպով քայքայում է։ Դրանից էլ ավելի կարևոր է պետության ընկալումը որպես սեփականի, որպես քո տան։ Եթե պետությունը լոկ լավ ապրելու տեղ է, ապա աշխարհում բազմաթիվ պետություններ կան, որոնք այդ լավ կյանքը ապահովում են, բայց քոնը չեն։ Եվ դու կարող ես այդ ընկալումով հանգիստ գերադասել հենց այդ լավ ապրուստ ապահովող, բայց ուրիշի տունը։ Եթե պետությունը տունդ չէ, ապա հանգիստ խղճով կարող ես գնալ ապրելու այլ պետությունում։ Եթե նախկինում Նիկոլը թմբկահարում էր « Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը», ապա այսօր նա գրեթե բաց տեքստով ասում է «Հայաստանն իմ պատանդն է, ժողովուրդն՝ իմ սպառնալիքը»։ Մի խոսքով, գունավոր շորտիկով պատշգամբում սրճելուց առաջ նախ պիտի համոզվես, որ այդ պատշգամբը քոնն է։ Սեյրան Առաքելյան․ «Ես գրում եմ Ախթալայից, որտեղ ջրհեղեղի պատճառով շատ վատ վիճակ է, ինչքան ժամանակում կկարողանանք դուրս գալ էս վիճակից ու էս աղետի հետևանքներից։ Գիտեմ, որ ոլորտի մասնագետ չեք, բայց Ձեր կարծիքը և խորհուրդները շատ կարևոր են մեզ համար»։
Արմեն Աշոտյան․ Նախ, ուզում եմ իմ համերաշխությունը և աջակցությունը հայտնել աղետի գոտու իմ հայրենակիցներին և ցավակցել իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին։ Գործող իշխանությունների համար այդ մարդկանց դարդն ու ցավը ունեն զրո արժեք, ինչպես մինչ այդ 5000 զոհերի ցավը և 140,000 արցախահայերի վշտերը։ Ավելին` չկատարելով իրենց ուղղակի պարտավորությունները՝ բնակիչների կորուստները վերականգնելու և կյանքի տարրական պայմաններ ապահովելու ուղղությամբ, գործող խունտան փորձում է շարունակել աղետը ներքաղաքական պայքարում։ Կդժվարանամ համալիր և համապարփակ խորհուրդներ տալ իմ հայրենակիցներին, բայց որպես մարդ և բժիշկ կխնդրեմ և կհորդորեմ առանձնահատուկ ուշադիր լինել առողջական հարցերին՝ խուսափելու համար թե հնարավոր վարակներից, թե թունավորումներից։ Հետևել օգտագործվող ջրի և սննդի որակին, հնարավորինս ապահովել էլեմենտար հիգիենայի կանոնները։ Հուսամ, հաջորդ անգամ Հայաստանում կվարարեն ոչ թե ջրերը, որոնք ավիրում են մեր երկիրը, այլ մարդկային զանգվածները, որոնք կմաքրեն երկիրը այն քանդողներից։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
aravot.am