Ովքեր են վարակվում տուբերկուլյոզով և ինչ անել
_1427178322.jpg)
Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Լրագրողների հետ զրույցում «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանում այդ ցուցանիշերը սկսած 2006թ-ից տարեցտարի բարելավվում են: 2014թ-ին յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 34, 7%, այսինքն` 100 000-ից 34 տուբերկուլյոզով հիվանդ կարող է լինել: Բարելավվել է նաև մահացության ցուցանիշը և եթե վերցնենք , որ մի քանի տարի առաջ այն կազմում էր 5% , այսօր 1,6% է:
«Ախտանիշներից են երկարատև հազը, խորխարտադրությունը, քրտնարտադրությունը, քաշի նվազումը և այլն: Եթե այս ախտանիշերը ի հայտ են գալիս, որոնք բնորոշ են տուբերկուլյոզին, անհրաժեշտ է շտապ դիմել պոլիկլինիկա կամ մասնագիտացված հիվանդանոց, որտեղ կամ կժխտվի կամ կհաստատվի»,-նշեց Հայրապետյանը:
Հարցին, թե ինչ միջոցներով է հիվանդությունը տարածվում, նա պատասխանեց. «Ինչպես և ցանկացած վարակիչ հիվանդություն, հիվանդությունն ունենում է հիվանդության վարակի աղբյուր, որը տվյալ պարագայում մարդն է, թոքային տուբերկուլյոզի և հիվանդությունը փոխանցվում է օդային ճանապարհով: Վարակվելու համար անհրաժեշտ է հարուցիչի համապատասխան խտություն և երկարաժամկետ սերտ շփում հիվանդի հետ, որպեսզի տվյալ անձը վարակվի: Տուբերկուլյոզն, իհարկե սոցիալական հիվանդություն է, բայց սխալ է միանշանակ համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն և նրանով կարող է վարակվել յուրաքանչյուրը»: