«Մեզ շատ հաճախ վախեցրել են դրանով»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող: Նախագծի քննարկման ժամանակ Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն ջատագովն է եղել նման նախաձեռնությունների իրականացման.
«Նախ բնական է, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իր զորակցությունը հայտնի մյուս բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ ոճրագործություն է իրականացվել: Սրանով ամրագրվում է մեղադրանքը օսմանական Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիային, մենք արդեն բազմաթիվ օրինակներ ունենք, որ մեր լոբբինգով հաջողությունների ենք հասել»,-ասաց Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը մեկ ազգի դեմ չէ ուղղված, այլ համայն մարդկության, ինչպես մեկ հանցագործի ազատության մեջ մնալը ոտնձգություն է ողջ արդարադատության համակարգի նկատմամբ.
«Սա միայն հայկական օրակարգ չէ, միջազգային օրակարգ է, ցեղասպանությունը չի կարող վաղաժամության ժամկետ ունենալ, ժխտողականությունը դատապարտելը պատահական չէ որ առաջադեմ հասարակությունը կարևոր է համարում, որովհետև միտում ունի կանխարգելու նման դեպքեր»,-նշեց նա: «Թուրքիան շատ լավ գիտի, որ հենց ճանաչեց, մյուս քայլերն անխուսափելի են, քանի նրանք ժխտում են…Մեզ շատ հաճախ վախեցրել են դրանով, քաղաքական դաշտում էնքան ուժեղ չենք, ինչքան՝ իրավական»,-եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը: