Սեյրան Օհանյանն այցելել է հավաքակայան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Henaran.am- ին տեղեկացրին, որ հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարզատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունիսի 14-ին այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան` 2012թ. գարնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերի համալրումը ժամկետային զինծառայողներով կարեւորագույն գործընթաց է ոչ միայն ՀՀ պաշտպանական գերատեսչության, այլեւ ամբողջ հանրապետության համար, ուստի զորակոչն ամենայն ուշիմությամբ վերահսկվում է` նախկինում ի հայտ բերված թերացումները չեզոքացնելու, զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Կարեւորելով արդարության եւ օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացը` պաշտպանության նախարարը հավելել է, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար՝ հաշվի առնելով զորակոչվողների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական ու կրթական ունակությունները: Զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի մենք ունենում ենք շոշափելի արդյունքներ: Զորակոչի աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով,- ասել է Սեյրան Օհանյանը եւ հավելել, որ ՀՀ զինված ուժերի համալրման հետ կապված խնդիրներ չկան, ԶՈւ ստորաբաժանումների համալրում ժամկետային զինծառայողներով իրականացվում է ըստ պլանի:
Պաշտպանության նախարարն ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` համբերատարություն եւ միաժամանակ հպարտություն` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար: