23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա կարող է լինել Հայաստանի փրկության վերջին հնարավորությունը

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պետք է հրաժարական տված լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, այն օրը, երբ ստորագրեց Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի համաձայնագիրը: Փաշինյանը իշխանության եկավ շահագործելով ժողովրդի դյուրահավատությունը և նրա վրդովմունքը նախկին ղեկավարների նկատմամբ: Նա հայտարարեց, որ խաղաղություն կբերի Հայաստանին, նրանց զավակներն այլևս չեն զոհվի պատերազմներում, նրանք կապրեն բարեկեցության մեջ՝ բարձր վարձատրվող աշխատանքով, չի լինի կոռուպցիա և միլիոնավոր այլ կեղծիքներ, որոնցով մոլորեցրեց հանրությանը։

Իր նորահայտ իշխանությունից արբեցած՝ Փաշինյանը ամբողջովին խելագարվեց: 2018 թվականին, երբ նա և իր հետևորդների ամբոխը շրջապատեցին խորհրդարանի շենքը, նա ամբարտավանորեն հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Սա ինքնահռչակված ժողովրդավար առաջնորդի հայտարարությունն է, որը դարձավ բռնապետ:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը մուրճը ձեռքին կանգնեց բեմի վրա՝ խոստանալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները: Նա նաև սպառնաց իր հայ մրցակիցներին «ծեփել պատերին և փռել ասֆալտին»: Սա է նրա կոպիտ պատկերացումը ժողովրդավարության մասին։
2018 թվականին Փաշինյանը իր հետևորդների բազմությանն ասաց, որ ինքը կլքի պաշտոնը, երբ ժողովուրդը պահանջի իր հրաժարականը: Այդ ժամանակից ի վեր նա անտեսել է իր հրաժարականի բոլոր պահանջները՝ կառչած մնալով իր իշխանական աթոռից: Նրա հրաժարականը պահանջող բազմաթիվ ցույցերից մեկի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք նա կպահպանի իր խոստումը և հրաժարական կտա, նա ամբարտավանորեն պատասխանեց. «սա ժողովուրդը չէ»՝ ակնարկելով, որ «ժողովուրդ» է համարում միայն իրեն սատարողներին։

Թեև Փաշինյանի կողմնակիցները կեղծորեն պնդում են, որ նա ընտրվել է վարչապետ, փաստն այն է, որ նա չի ընտրվել, քանի որ վարչապետի պաշտոնը ընտրովի պաշտոն չէ: Նա ընտրվել է իր խորհրդարանական մեծամասնության կողմից, որը բաղկացած է նույնքան ապաշնորհ և անփորձ երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից:
Փաշինյանը չի հանդուրժում այլախոհներին: Եթե Հայաստանում ապրող որևէ մեկը համարձակվում է քննադատել նրան, վարչապետն իր լավ կերակրված ոստիկանական ջոկատին հրամայում է քննադատին պառկեցնել գետնին, ծեծել ու ձերբակալել։ Նրա գլխավոր դաշնակիցը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փողոցում թքել է հայ մարդու երեսին, միայն այն պատճառով, որ նա քննադատել է իրեն: Իսկ եթե սփյուռքահայը չի համաձայնում Փաշինյանի հետ, ապա նրան թույլ չեն տա մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո: Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է բռնապետություն, որը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով:

Այժմ գալիս է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը դեմ է Փաշինյանի կամայական որոշմանը՝ չորս հայկական սահմանամերձ գյուղերը հանձնելու Ադրբեջանին առանց հանրաքվեի և խորհրդարանի հավանության։

Արքեպիսկոպոսն անմիջապես ենթարկվեց Փաշինյանի և նրա մանկլավիկների, այդ թվում՝ ֆեյսբուքի հազարավոր կեղծ հետևորդների կատաղի հարձակումներին, որոնք վարձատրվում են զրպարտելու համար յուրաքանչյուրին, ով համարձակվում է քննադատել վարչապետին:

Փաշինյանն արքեպիսկոպոսին և նրա կողմնակիցներին անվանեց «նարկոբարոններ» և «արտերկրից ուղարկված օտարերկրյա գործակալներ»՝ առանց որևէ ապացույցի: Շատ տգեղ է, երբ կառավարության ղեկավարը փողոցային լեզվով է խոսում՝ իր քաղաքական հակառակորդներին նսեմացնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է քննադատել Փաշինյանին, անմիջապես պիտակավորվում է որպես «Կրեմլի գործակալ», որին հազարավոր դոլարներ են վճարում «երկիրը քայքայելու համար»: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վարձատրեն Հայաստանը քայքայելու համար, երբ Փաշինյանն ինքն անձամբ արդեն քայքայում է երկիրը:

Իրադարձությունների տարօրինակ շրջադարձով, արքեպիսկոպոսը կրկնեց նույն մարտավարությունը, որով Փաշինյանը եկավ իշխանության՝ 2018 թվականին երթով Գյումրից գալով դեպի Երևան: Այսպիսով, Սրբազանը Փաշինյանին տալիս է իր սեփական դեղամիջոցի չափաբաժինը: Միակ տարբերությունն այն է, որ Փաշինյանը իշխանության գալու համար խախտեց բազմաթիվ օրենքներ՝ ջարդելով Հայաստանի ռադիոտան դռները, իր հետևորդներով շրջապատելով դատարանը՝ դատավորներին արգելելով մուտք գործել շենք, և արգելափակելով խորհրդարանի մուտքերը:
Արքեպիսկոպոսը ունի առավելություններ ու թերություններ: Սրբազանը հոգևորական է, որի զենքը ճշմարտությունն ու բարոյականությունն են: Նա քարոզում է խաղաղություն, սեր և ոչ բռնություն: Անցած վեց տարիների ընթացքում տարբեր ընդդիմադիր խմբավորումների բոլոր փորձերը Փաշինյանին փողոցային բողոքի ցույցերով տապալելու համար ձախողվել են: Արքեպիսկոպոսը միակ մարդն է, որը ձեռք է բերել մեծ թվով հայերի վստահությունը, որոնք խանդավառորեն միացել են նրա երթին Տավուշից դեպի Երևան: Ավելի քան 100 հազար հայեր հեղեղեցին քաղաքի գլխավոր հրապարակը՝ լսելու նրա ուղերձը:

Մայիսի 9-ին, երբ Սրբազանը ժամանեց Երևան, նա հայտարարեց, որ Փաշինյանին մեկ ժամ է տալիս հրաժարականի համար: Երբ ժամն անցավ և հրաժարական չտվեց, արքեպիսկոպոսը չցանկացավ գնալ հաջորդ քայլին՝ կոչ անել իր 100 հազար հետևորդներին գրոհել շենքը և տապալել վարչապետին: Փոխարենը, Սրբազանը հայտարարեց ամբողջ երկրում մի շարք քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսելու մասին:
Այժմ Սրբազանը խորհրդակցում է ընդդիմության տարբեր առաջնորդների հետ՝ հաջորդ քայլերը քննարկելու համար: Եթե և երբ Փաշինյանը հրաժարական տա կամ ենթարկվի իմփիչմենթի, որոնք երկուսն էլ անհավանական սցենարներ են, արքեպիսկոպոսը ասաց, որ կկազմակերպվի անցումային կառավարություն, որը հետագայում կանցկացնի խորհրդարանական ընտրություններ՝ նոր վարչապետ ընտրելու համար: Մնում է տեսնել, թե արդյոք կհաջողվի Սրբազանի խաղաղ ծրագրերով տապալել Փաշինյանին:

Փաշինյանից ազատվելու լավագույն պատճառը այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները եռանդուն կերպով գովաբանել են Փաշինյանին իր բազմիցս և անվերջ զիջումների համար: Հայտնի ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն նույնիսկ առաջարկել է ադրբեջանական և թուրքական զորքեր ուղարկել Երևան՝ Փաշինյանի կառավարությանն աջակցելու համար․․․

Բոլոր հայրենասեր հայերը, մի կողմ թողնելով իրենց ներքին տարաձայնությունները, պետք է կոալիցիա կազմեն անցումային կառավարություն ստեղծելու համար, որը կանցկացնի հաջորդ ընտրությունները: Պետք է հանրային ճնշում գործադրվի Փաշինյանի վրա, որպեսզի նա հնարավորինս շուտ հրաժարական տա, քանի դեռ երկիրը չի դադարել գոյություն ունենալ ներքին և արտաքին թշնամիների հարձակումների պատճառով: Սա կարող է լինել Հայաստանի փրկության վերջին հնարավորությունը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ