«ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է» /վիդեո/
«Ես տեղյակ չեմ, որ ինքը մտափոխվել է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե արդեն տեղեկություններ կան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Հայաստան չգալ ապրիլի 24-ին: Շարմազանովը նշեց, որ ՌԴ նախագահն այն պաշտոնյան չէ, որ օրը մեկ մտափոխվում է: «Պարոն Պեսկովն ընդամենն ասել է, որ ժամկետները կճշտվեն»: Նա շեշտեց, որ կա պետություն, որի նախագահը հրաժարվել է մասնակցել, և դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, թե պետք է սփյուռքին փաստեր ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ապա Շարմազանովն ասաց. «Հայոց ցեղասպանության փաստը նույնան խոսուն ու ակնառու է, որքան արևի առկայությունը երկնքում: Փաստերը հազարավոր լքված հայկական գյուղերն են, պղծված և կիսաքանդված ու ախոռների վերածված առաքելական եկեղեցիները, հազարավոր և տասնյակ հազարավոր հայկական գերեզմանները, որոնք անտեր են մնացել, հայկական մշակութային հուշարձաններն են, ի վերջո միլիոնավոր հայկական սփռյուռքն է աշխարհով տարածված»:
ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաև այլ պատմակական փաստեր ու նկատեց. «Ի վերջո լավագույն փաստը նույն իր պետությունում առկա 301 հոդվածն է, որտեղ մարդիկ միայն դատվում են նրա համար, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: