23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը պատերազմ է հայտարարել մամուլին

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ Oragir.News-ը զրուցել է լրագրող, Newday.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի հետ։ Վերջինս, ըստ երևույթին, ամենաշատն է թիրախավորվում իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց աջակիցների կողմից։

Ինչո՞ւ է դա այդպես․ հարցրինք Անի Գևորգյանին․ «Ես չեմ սիրում, երբ լրագրողի առաջ սահմաններ են դրվում։ Լրագրողը ծառայում է հանրային շահին և իր պետությանը, և որևէ իշխանություն չի կարող փորձել սահմանափակել հանրային շահ ներկայացնող հարցերը բարձրաձայնող լրագրողի գործունեությունը։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները տարբեր կերպ փորձում են սահմանափակել մեր աշխատանքը, թե՛ իրենց համակիրների միջոցով՝ ուժի գործադրմամբ, թե՛ ուժայինների կողմից ուժի գործադրմամբ, թե՛ ֆեյքային արշավով։

Ես միշտ գրում եմ այնպիսի թեմաներով, որոնք, ըստ էության, կնճռոտ են իշխանության համար, փորձում եմ այդ ամենը փաստերով հիմնավորել, ապա դրանց վերաբերյալ իշխանության ներկայացուցիչներին ուղիղ հարցադրումներ անել, որոնց պատասխանելու փոխարեն՝ սկսում են ինձ թիրախավորել»։

Հարցին՝ ինչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը՝ լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելով, Անի Գևորգյանը պատասխանեց, որ դա ազատ խոսքը լռեցնելու համար է արվում, բայց որևէ իշխանության դա չի հաջողվելու.

«Հայաստանում մամուլի ազատությունը ճնշելու բազմաթիվ փորձեր կան, մենք տեսնում ենք նաև, թե ինչ ճակատագրերի են արժանանում այն քրեական գործերը, որոնք հարուցվել են։ Որևէ էական տեղաշարժ չկա՝ թե՛ դատական գործերի վերաբերյալ, թե՛ հանցագործությունների մասին ներկայացված հաղորդումների հետ կապված։ Որևէ մեղադրյալ չկա, թե՛ դրոշի կոթով ինձ հարվածելու վերաբերյալ, թե՛ «ոտքերի տակ գցելու» սպառնալիք հնչեցնելու համար»։

Ամփոփելով զրույցը՝ Անի Գևորգյանը նշեց. «Պատերազմ են հայտարարել մամուլին, բայց լրագրողների, մամուլի հախից գալը հեշտ գործ չէ։ Նրանք, ովքեր պատերազմ են հայտարարում ԶԼՄ-ներին, երբեք չեն հաղթում»։

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրան սուր հարցեր ուղղելուց հետո իշխանություններն իր աջակիցներով թիրախավորել և սպառնալիքներ էր հնչեցրել նաև Aravot.am լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին։

Oragir.News-ի հետ զրույցում լրագրողն ասաց, որ Հայաստանում խտրական վերաբերմունք կա լրագրողների նկատմամբ։ Որպես օրինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյանը նշեց իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Դավիթ Լևոնյանի միջադեպի հետ կապված տեսանք, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով, հանդես էին գալիս ի պաշտպանություն լրագրողների իրավունքների, բոլորը դարձել էին լրագրողների իրավունքների պաշտպան, բայց դա միայն յուրային լրագրողների նկատմամբ է։ Ազգային ժողովում բազմաթիվ բռնության դեպքեր են եղել լրագրողների նկատմամբ, բայց իրենցից որևէ մեկը որևէ ծպտուն չի հանել, հետևաբար՝ խոսել լրագրողների իրավունքների պաշտպանության մասին, ինձ թվում է, որ իրենցից որևէ մեկն իրավունք չունի»,- ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը։

Անդրադառնալով Մամուլի ազատության համաշխարհային օրվա նշանակությանը՝ լրագրողը շեշտեց, որ լրատվամիջոցների դերը հանրության կյանքում շատ մեծ է, և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի այդ դերի կարևորությունը և իր լուման ներդնի խոսքի, մամուլի ազատության հարցում։

«Այսօրվա մեր իշխանությունները, ցավոք, դրա ճիշտ հակառակն են անում, և Ազգային ժողովի թիվ 1 քաղաքական ամբիոնն օգտագործելով՝ իշխանական պատգամավորները թիրախավորում են լրատվամիջոցներին ու լրագրողներին, հայտարարություններ անում, որ իրենք ծրարով փող են վերցնում, պատվեր են կատարում՝ այդկերպ խաղալով լրոգրողների հեղինակության հետ, իրենց աջակիցներն էլ նույնությամբ կրկնում են իրենց խոսքերը։

Այսօր լրագրողները ՀՀ-ում ամենախոցելի խավն են դարձել, բայց պետք է ճիշտ հակառակը լիներ, խոսքի ազատությունը պաշտպանված լիներ, լրագրողներն էլ հետը։ Մենք տեսնում ենք, թե ոնց են ցույցերի, տարբեր միջոցառումների ժամանակ թիրախավորվում լրագրողները»,- նշեց Ջեբեջյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է լռեցնել ազատ խոսքը, բայց դա նրանց չի հաջողվելու.

«Բոլոր իշխանությունների օրոք անաչառ լրագրողներն աշխատել են միևնույն սկզբունքով, իրենց գործունեությանը որևէ բան չի խանգարի։ Հետևաբար՝ իրենց մտածած որևէ արդյունքի չեն հասնելու։ Իրենց հիմնական խնդիրը լրատվամիջոցներին լռեցնելն է, նույնիսկ այսպիսի թեզ էր շրջանառվում՝ «Բոյկոտել այս կամ այն պաշտոնյային», բայց իմ խորին համոզմամբ՝ դա նրանց համար դրախտային պայմաններ կլինի, որովհետև իրենք հենց դրան էլ ուզում են հասնել, որ որևէ մեկն իրենց չմոտենա, սուր հարցեր չտա, իրենք մնան իրենց իշխանական ԶԼՄ-ների հույսին։ Դրա համար է նաև, որ Փաշինյանի ասուլիսից հետո ինձ այլևս չեն հավատարմագրում, թույլ չեն տալիս, որ ասուլիսի մասնակցեմ՝ խախտելով ԶԼՄ օրենքը։ Այդքանով է մամուլն այսօր ազատ Հայաստանի Հանրապետությունում»։

Անդրադառնալով իշխանության աջակիցների կողմից իրենց հասցեին սպառնալիքներ հնչեցնելուն և իրենց կողմից դատարան հայց ներկայացնելու գործընթացին՝ Հռիփսիմե Ջեբեջյանն ասաց, որ շուտով դատարան դիմելու 1 տարին կլրանա, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Օգոսոսի 24-ին հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, տարին շուտով կլրանա, բայց ոչ մի էական փոփոխություն չկա։ Այդ մարդկանց կանչել են, հարցաքննել են, բայց սայլը տեղից ընդհանրապես չի շարժվել։ Ես և լրագրող Անի Գևորգյանը պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել դատախազություն, քանի որ անգործությունը նույնպես հանցագործություն է, որովհետև ուշացած արդարադատությունն այլևս արդարադատություն չէ։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներ Դիաննա Մարտիրոսյանի և Խաժակ Թանանյանի մասով էլ դատական գործընթացները շարունակվում են, մի գործն արդեն դատաքննության փուլ է մտել՝ ապացույցների հետազոտման փուլ։ Դատավարության այս տանջալից ընթացքը ոնց որ՝ հետ է պահում քո իրավունքների պաշտպանությունից։ Ու եթե վերջնարդյունքում ունենում ենք հօգուտ մեզ դատավճիռներ, դրանք այնքան ուշացած ու տանջալից ճանապարհով են լինում, որ մի տեսակ բարոյական հաղթանակ են հիշեցնում»,- եզրափակեց լրագրողը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ