Բարեբախտաբար

Երևանում ընթացող Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ համակարգող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նշենք, որ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էր խոսել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին:
«Եվրոպական կառույցներում ու կառույցներին կից կան մասնագիտական խմբեր, որոնք հենվելով եվրոպական կոնվենցիայի վրա՝ տալիս են գնահատականը: Բարեբախտաբար, կապված քաղաքական բանտարկայների առկայության հետ՝ դա միայն պարոն Փաշինյանի և էլի մի խումբ ՀՀ քաղաքացիների կարծիքն է: Ես անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանն իրավունք չունի ու չի ընթանալու մի ճանապարհով, որ քաղաքական հայացքների համար մարդիկ հայտնվեն բանտում: Կան երկրներ, որտեղ նման զարգացումներ լինում են, բայց Հայաստանում դա առկա չէ»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ընտրությունների որակին, ապա Ֆարմանյանն ասաց, որ ընտրությունները դիտարկող բոլոր մասնագիտական կառույցները, դիտորդական առաքելությունները, ինչպիսին էլ ոմանց վերաբերմունքը լինի, կասկածի տակ առնեն, թե ոչ, իրենց եզրակցությունը ներկայացրել են ընտրությունների վերաբերյալ: «Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ ընտրություններում պարտված չեն լինում, ում հետ խոսում ես, բոլորը վստահ են, որ իրենք են ընտրվել: Սա ճանապահ է, որ պետք է անցնենք, հավանաբար, բոլոր ժողովրդավարություները պիտի անցնեն ու իսկապես Հայաստանում ընտրությունների ճանապարհով քաղաքական իշխանության զիջումը քաղաքական ընդդիմությանը նոր էջ կբացի ժողովրդավարության համար ու ընդդիմության կողմից էլ ընտրությունների ճանաչումը նոր էջ կբացի զարգացման համար»,-եզրափակեց պատգամավորը: