«Կաթողիկոսությունը պատահական փաստաթուղթ չէր ստորագրի»

Օրեր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի իսլամական հանրապետության կրոնների և մշակույթի կազմակերպության աստվածաբանական վեցերորդ նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանն ասաց, որ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող կետում ասվում է, որ իրանական կազմակերպությունն ու կաթողիկոսարանը համատեղ դատապարտում են անհատների, մարդկանց ու պետությունների կողմից կատարված բոլոր ցեղասպանությունները:
Իրանագետի կարծիքով` իրանական կողմը Հայաստանի հետ ուղղակիորեն չի կարող նման համատեղ հայտարարություն ստորագրել, դա քաղաքական ենթատեքստ կունենա:
«Իհարկե, սա խորհրդանական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչում չէ: Բայց իր համապատասխան վերաբերմունքը նա արտահայտում է կրոնական կազմակերպության միջոցով եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ինչը գնահատելի է: Բացի այդ` կրոնների և մշակույթի կազմակերպությունը պատահական կառույց չէ, ունի որոշակի ուղղվածություն և որոշակի քաղաքականություն է կատարում: Այս կազմակերպությունը երկրի հոգևոր առաջնորդի կողմից է առաջնորդվում»,- ասաց իրանագետը` հավելելով, որ քանի որ Իրանը կրոնապետություն է, ապա կարելի է համարել, որ այդ կառույցը երկրի դիրքորոշումն է արտահայտում:
Ասուլիսին ներկա էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով եւս նշեց, որ այս հայտարարությունը շատ կարեւոր է:
Նա ասա, որ այն հատկապես կարեւոր է այն առումով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ է ստորագրվել, իսկ կաթողիկոսությունը պատահական փաստաթուղթ չէր ստորագրի:
«Այս փաստաթուղթը Հայոց ցեղասպանության դատապարտման որոշակի քայլ կարող է համարվել»,- ասաց նա: