«Հնչեցված բոլոր կարծիքները իրենց արտահայտությունը կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ»

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ իբրեւ իշխող քաղաքական ուժ` իրենք ողջունում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը: Նա նշեց, որ հնչեցված բոլոր կարծիքներն ու բարեփոխումները իրենց արտահայտությունն անպայման կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ:
«Մինչև մայիսի 5-ը քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ այն քաղաքական ուժերը, օրինակ Հայ ազգային կոնգրեսը, ովքեր հայտարարել են քննարկումներին չմասնակցելու մասին, նրանց քննադատությունները նույնպես իրենց տեղը կգտնեն սայմանադրական բարեփոխումների նախագծում:
«Սահմանադրական բարեփոխումները միայն կառավարման համակարգի փոփոխություն չեն, դրանք հետապնդում են դատաիրավական համակարգի բարեփոխում, մարդու իրավունքների պաշտպանության խորացում, արտաքին անվտանգության ապահովում, տնտեսական համակարգի ձևավորում և այլն»,- ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Եվրանեսթի խորհրդաժողովին` նշելով, որ շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև ընդունվեց:
«Մասնակից երկրներից շատերը չեն դատապարտել Ցեղասպանությունը, և կարծում եմ, որ սրանից հետո իրենք իրենց երկրներում կընդունեն և կդատապարտեն Ցեղասպանությունը»,- ասաց նա: