«ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին խնդիր է, որը պետք է լուծում ստանա»
«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ռուս լրագրողը հարցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, ունեն «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ԽՍՀՄ ռեժիմից ի վեր ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմակայանը։
«Այս ընթացքում ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք որևէ այլ երկրից չենք ստացել Ռուսաստանից ստացած օժանդակության նույնիսկ մեկ տոկոսը, այնպես որ՝ երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Բայց ինչպես հայերն են ասում՝ բոլոր երնեկները մի տեղ չեն լինում, ուստի այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետև տևական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ, և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է նաեւ, որ այսօր Ադրբեջանը չունի այն ռազմական հնարավորությունը, որ նրան թույլ կտա խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, չնայած նրան, որ հսկայական միջոցներ է ծախսում զենքի և զինամթերքի վրա։