26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻԱԿ ԽՆԴԻՐԸ ԲԱՆԱԿՑՈՂՆ Է․ ԵԹԵ ԲԱՆԱԿՑՈՂԸ ՓՈԽՎԻ, ԻՐԱՎԻՃԱԿՆ ԷԼ ԿՓՈԽՎԻ

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն է:

– Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց էր տվել ու որոշ հայտարարություններ արել, որոնք Ադրբեջանում բավականին մեծ ոգեւորություն էին առաջացրել: Նշել էր, որ հայերը կարող են վերադառնալ Արցախ` ադրբեջանցիների թույլտվությամբ` միայն հյուրի կարգավիճակով:
– Դեսպան կլինի, Ռուսաստանի նախագահ, թե Հայաստանը կառավարող վարչախմբի ղեկավար, թե ով, ես մի բան կարող եմ ասել, որ երբ կար Ամարաս, չկար Կոպիրկին, չկար Պուտին ու չկար Նիկոլ Փաշինյան: Ամարասի հիմնադրումից հայն ապրել է Արցախում: Սրանց օրոք ստեղծվեց մի իրավիճակ, երբ Արցախում ապրում է 11 հայ… Հայն Արցախում մշտապես ապրել է` մեր վանքերն ու ուխտատեղիները դրա վառ ապացույցն են: Մենք այսօր շատ տխուր ենք` ինչո՞ւ, որովհետեւ հայը ենթարկվեց էթնիկ զտման՝ իր բնօրրանից երեք օրվա ընթացքում վտարվելով: Այսօր, փաստորեն, չի խոսվում արցախահայերի վերադարձի մասին, սակայն ես վստահ եմ, որ այդ օրը նույնպես գալու է: Հայաստանի կառավարիչներն իրենց աթոռը պահելու համար ամեն բանի ընդունակ են, բայց նաեւ սրանց գնալու ժամանակն է գալու, եւ հայ ժողովուրդը կրկին իր հայրենի Արցախ է վերադառնալու ու արարելու: Եթե վերցնենք Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները՝ բազմիցս նշվել է, որ մենք Ադրբեջանի հետ պատրաստ ենք խաղաղ բանակցության, նույնիսկ 5 շրջանների վերադարձի մասին է խոսվել, որոնք եղել են անվտանգության գոտի, սակայն մեկ պայմանով. Արցախը պետք է երկու ցամաքային ճանապարհով կապված լինի Հայաստանի Հանրապետության հետ: Այն ժամանակվա ընդդիմությունը` այսօրվա իշխանությունը, ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, մեզ մեղադրում էր սխալ բանակցությունների համար, այժմ իրենք ի՞նչ են բանակցում, ինչի՞ շուրջ` տեսնում ենք բոլորս: Դռնեդուռ ընկած՝ ծնկաչոք աղաչում են, որ հանկարծ ՀՀ սուվերեն տարածքից նոր բան չուզեն, չպահանջեն` ուզվորի կեցվածքով… իրականությունը սա է, այս պայմաններում թե ՌԴ դեսպանը կամ ԵՄ-ն ինչ կասի, ինչի համար կուրախանան, մեծ հաշվով՝ կարեւոր չէ:
– Բայց Հայաստանում ընդդիմադիր զանգվածը, ՀՀԿ-ն նույնպես մեծ հույսեր էր կապում Ռուսաստանի Դաշնության հետ: Եթե Ռուսաստանը կիսում է ՔՊ-ի գաղափարները` Արցախի հարցում, էլ ի՞նչ սպասել նրանից:
– Ես ո՛չ ռուսի, ո՛չ էլ Արեւմուտքի երեսը չեմ լվանում, ոչ էլ պաշտպանում եմ որեւէ մեկին: Եթե մենք չկարողացանք ոտքի վրա կանգնել եւ մեր արժանապատվությունը բարձր պահել, ապա ոչ մեկից չենք կարող որեւէ բան պահանջել: Ռուսի կարծիքն էլ է ժամանակի ընթացքում փոխվում, Արեւմուտքինն էլ, խնդիրն այն է, թե տվյալ ժամանակահատվածում դու քեզ ինչպես ես դրսեւորում: Եթե արժանապատիվ կեցվածք ունես, ապա ամեն ինչ հօգուտ քեզ կլինի: Էդ ինչպե՞ս էր լինում, որ առաջ եռանախագահող երկրներն Ադրբեջանին նստեցնում էին Բակո Սահակյանի ու մյուսների կողքին, Արցախը համարում էին առանձին պետություն եւ այլն: Ի՞նչն էր պատճառը․ պատճառն այն էր, որ առաջ մենք ուժեղ էինք, ու մեզ հետ հաշվի էին նստում: Եթե հետ գնանք ու տեսնենք, թե 2020 թվականից առաջ ինչ է եղել, 2018-ի իշխանազավթմանն ինչ վերաբերմունք ուներ նույն ռուսը, ապա կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում….
– Ի՞նչ է տեղի ունեցել:
– Տեղի է ունեցել այն, որ նախքան Շուշին հանձնելը, նույն Պուտինը եւ իր դիվանագիտական կորպուսի ամենաբարձր ներկայացուցիչները բազմիցս խոսել են այն մասին, որ պատերազմը կանգնեցնելու մասին է խոսվել, բայց այստեղից ասել են` ոչ, պետք է կռվենք մինչեւ վերջ, եւ այլն: Ստեփանակերտ էին մտնում, էլի ռուսը չէր թողնում…. գնացին հասան Պրահա` տարբեր պրոցեսներով, մանր-մանր քայլերով հասցրին Արցախի շրջափակման…. ու տեղի ունեցավ այն, որ եթե դու ասում ես, որ տվյալ հողերը քոնը չեն, դու դրանց տեր չես, քո փոխարեն ռուսը ոչինչ չի կարող անել: Ասում են` ՀԱՊԿ-ն իր լիազորությունները չի կատարում, նույն ՀԱՊԿ-ն ասում է․ որոշեք՝ որն է ձեր ինքնիշխան տարածքը, ես կապահովեմ այդ ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Բայց այստեղ այլ հարց է առաջանում․ եթե մի ղեկավար ասում է` մեր երկիրն անգամ կադաստրի վկայական չունի, էլ ի՞նչ կարող ենք այդ ղեկավարից սպասել: Մի փայլուն լաթի կտոր ձեռքին՝ գյուղից գյուղ է տանում ու մարդկանց համոզում, որ մենք հայրենիք չունենք: Մարդկանց սպառնում են, որ Ադրբեջանը պատերազմի համար հող է նախապատրաստում, բայց առաջին հող նախապատրաստողը հենց սրանք են: Ասում են` մեր հողերը չեն, այդ 4 գյուղը պետք է տանք, Ադրբեջանն էլ գալիս է այն վերցնելու:
– Ի՞նչ զարգացումներ կարող են Տավուշում լինել:
– Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը լեգիտիմացնում են Ադրբեջանի ռազմական գործողությունները:
– Ինչպե՞ս:
– Իրենց հայտարարություններով: Մարդ են փնտրում, որ ապացուցի՝ այդ տարածքները հայկական են, ապացուցում ենք` Ջերմուկի տարածքից վերեւ, ինչպես նաեւ Սյունիքում հեկտարներով հողեր են գրավել, գնացեք, հետ բերեք, ո՞ւմ եք սպասում: Մեր ունեցածը տալիս եք, անգամ չեք կարողանում ամենաչնչին բաները պահանջել:
– Ասում են` պատերազմ է սկսվելու, եթե չտանք:
– Այդ հարցին էլ պատասխան կա: Մարդիկ հարցրին՝ լավ, ենթադրենք՝ տվեցինք, բա որ դրանից հետո էլ հողեր ուզեն, ի՞նչ եք անելու, ասում են` չգիտենք: Այստեղ պարզ է դառնում, որ միակ խնդիրը բանակցողն է, որ եթե բանակցողը փոխվի, իրավիճակն էլ կփոխվի:
Հայկ Գևորգյան
 
hraparak.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ