Սադոյանը գտավ ելքը

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման հետ կապված հարցերով օրեր առաջ հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ քաղաքական կուսակցությունների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ քննարկվել է երկու հարց, որոնցից առաջինը վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բանախոսը նշեց, որ բոլորը ցնցվել են, թե ինչ է արվել և դեռ ինչեր պետք է արվեն` հատկապես ապրիլի 22-24 ընկած ժամանակահատվածում. «Ապրիլի 24-ին բոլոր եկեղեցիները պետք է 100 անգամ ղողանջեն, հայկական եկեղեցիներին միացել են նաև կաթոլիկ և այլ եկեղեցիներ,-ասաց Դանիելյանը:
Կարինե Դանիելյանը նկատեց, որ հանդիպման ժամանակ նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխության նպատակահարմարությունը. «Ես դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ: Անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն է, եթե օրենքները չեն կատարվում, ուրեմն նշանակություն չունի: 1992 թ-ից մինչ օրս մենք գտնվում ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ. իսկ սա նշանակում է, որ էկոլոգիական գաղափարախոսությունը պետք է մտնի Սահմանադրություն: Մի քանի տարի առաջ Ռուսաստանի տարբեր ոլորտների գիտնականները դիմում են հղել աշխարհին, որ սահմանադրություններում ընդգրկվի մարդկության փրկության այս ամենակարևոր հարցը. եթե այսպես շարունակենք, դինոզավրերի օրը կընկնենք»,- նշեց Կարինե Դանիելյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ նշեց, որ ներկայացվել է բավական լուրջ հաշվետվություն: Նրա խոսքով` Ցեղասպանության 100-ամյակի առումով բավական մեծ աշխատանք է կատարվել, բայց մի հարց, որը իրենք են բարձրացրել` ընթացք չի ստացել. «Մենք առաջարկել ենք, որ տարելիցին ընդառաջ համացանցում ձևավորվի վիրտուալ ազգային տարածք, որտեղ պետք է հավաքվեն բոլոր ազգային նյութերը և հայ ժողովուրդը կարողանա պայքարել իր արտաքին և ներքին թշնամիների հետ»,- ասաց Սադոյանը:
Սադոյանը կոչ է անում բոլորին համատեղ ջանքերով ստեղծել ֆեյսբուքյան ընդդիմադիր կուսակցություն` համաշխարհային վիրտուալ ազգային կուսակցություն: