22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիլիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին կառուցվել է 1841 թվականին, սակայն հուշարձանի տարածքում առկա ավելի հին կոթողները, հատկապես եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարը,

վկայում են տեղում եղած ավելի հին սրբավայրի գոյության մասին։

Խորհրդային տարիներին վերածվել է ակումբի (մշակույթի տուն)։

Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Եկեղեցին գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառի (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի

Հանրապետության Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի մեջ:

Ըստ բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ կոչվել է Սուրբ Հովհաննես և ունեցել է երկու քահանա։

Բարավորի արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1841 թվականին Յոհան Փարամազեանի կողմից․

«Յիշատակ է եկեղեցիս Յոհանին որ է որդի Փարամազին, թվին ՌՄՂ»:

Վերջինս՝ որպես եկեղեցի կառուցող, հիշատակվում է նաև իր կնոջ՝ Մարիամի գեղազարդ տապանագրում:

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։

Խորանն ունի բարձր բեմ և բեմառէջքի՝ երկու կողմերից դեպի բեմ բարձրացող չորս աստիճան։

Խորանի հյուսիսային և հարավային կողապատերին կան երկու փոքրիկ ուղղանկյուն որմնախորշեր։

Եկեղեցու արևելյան կողմում՝ խորանից աջ և ձախ, կան երկու ավանդատներ։

Ձախ կողմի ավանդատան մոտ՝ եկեղեցու հյուսիսային պատի մեջ, կամարաձև վերնամասով, գեղազարդ շրջանակով մկրտության ավազանախորշն է,

որի վերնամասի կիսաշրջանաձև հատվածը զարդարված է խաչաքանդակներով։

Հարավային և հյուսիսային պատերի զույգ որմնասյուներից հիմք են առնում պատերի որմնակամարները և դեպի վեր սլացող սլաքաձև կամարները, որոնք իրենց վրա են կրում

թաղածածկը։

Սլաքաձև կամարով է պսակված նաև խորանի գմբեթարդը։

Եկեղեցու մուտքը արևմտյան ճակատից է, որը, տեղանքի թեքությունից ելնելով, շեղված է կենտրոնից դեպի աջ։

Շքամուտքը կազմված է անկյունային երկու որմնասյան խոյակների վրա բարձրացող կամարից, որն իր մեջ է ընդգրկում շինարարական արձանագրություն պարունակող

բարավորը։

Շքամուտքի բոլոր տարրերը քանդակազարդ են։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ շքամուտքի թե՛ բուսական, թե՛ երկրաչափական զարդաքանդակները կրկնում են նույն ժամանակաշրջանի տապանաքարերի հարդարանքը

և ոճը։

Եկեղեցին լուսավորվել է արևելյան, արևմտյան և հարավային ճակատներից բացվող երեք փոքրիկ լուսամուտներով։

Արևելյանն ունի խաչաձև բացվածք, իսկ արևմտյան և հարավային լուսամուտները մեկ ամբողջական քարի մեջ արված երկու փոքրիկ նեղ բացվածքներ են։

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ակումբ՝ հարմարեցվելով վերջինիս պահանջներին։

Հարավային ճակատին՝ կենտրոնից դեպի արևմուտք, արվել են գրեթե մուտքի չափերի ևս երկու մեծ բացվածքներ, որոնցից արևելյանը հետագայում պատով փակվել է։

Եկեղեցու արևմտյան արտաքին պատին՝ մուտքից աջ, ագուցված է 13-րդ դարի արձանագիր մի խաչքար։

Եկեղեցու հարավարևմտյան կողմում պահպանվել է հին գերեզմանոցը, որտեղ հիմնականում 19-20-րդ դարերի տապանաքարեր են։

Հյուսիսային կողմում տարածվում է Հիլիսի նոր գերեզմանոցը։

Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ և Վահրամ Բալայանը «Արցախի Հանրապետության

բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ։

Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Հիլիս գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ