28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ստեղծվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ

«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրության պահանջների կատարման նպատակով ներկայում մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը և, միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այդ հիմնարար ակտերի կիրառությունն ապահովելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում օրենսդրական բարեփոխումներն ամբողջացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծ:

Սույն թվականի մարտի 11-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ:

Հանձնաժողովը գործելու է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կղեկավարի Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ քրեակատարողական օրենսդրության բարեփոխման առնչությամբ միջազգային կազմակերպու­թյունների իրավական չափանիշների ամբողջական իրացումը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխման իրավական հիմքերի ամրապնդումը: Խոսքը նախևառաջ վերաբերում է քրեակատարողական ոլորտում մարդու իրավունքների ապահովման գործուն երաշխիքների սահմանմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ պետության քաղաքականության ուղղությունների իրավական հստակեցմանը:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նախատեսվում է իրականացնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ համագործակցությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ