25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»

Մեր երկրի հանրային դաշտում “ջուր պղտորողների” պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա առավել ևս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական և սխալ հնչեղություն են տրվել, և շնորհիվ պղտորողների “մասնագիտական հմտությունների”, տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:
2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաև ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները, և հատկապես 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը ևս կարող է սխալվել:

Նիկոլի և իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է և բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու և աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով՝ նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել և սխալվում են՝ Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, և այլն:
2018թ. գարնանային էյֆորիան և “ոգևորվածությունն” այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել Հայ Ժողովրդի բոլոր հավաքական ձեռբերումները:
Իմ խորին համոզմամբ, հիմա շատ-շատերն են գիտակցել և գիտակցում իրենց գործած ուղղակի և անուղղակի սխալները: Բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն և միավորվել՝ դրանք ուղղելու համար: Որովհետև, ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում և այդ մասին խոսում են նաև մեր թշնամիները՝ անունը դնլով ռևանշ:
Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո, որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետևանքների մասին հազար լեզվով զգուշացնող և ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց և այն Նիկոլին փոխանցելուց հետո, որքան հպարտ և ուրախ էին իրենց “հաղթանակով”: Իհարկե պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաև, թե ինչո՞ւ են հենց հիմա բարձրացնում “ո՞վ է իշխանության բերել Նիկոլին”՝ տխմար հարցադրումը, և ոչ թե օրինակ՝ 2018-20թթ-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի և ոչ ոք այլևս չի ցանկանում ասոցիացվել նրա և նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը՝ գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի՝ վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետևաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ՝ Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ, ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող և ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասական գործունեությունից:

Հ.Գ.
Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ “իսկ ո՞վ է բերել Նիկոլին” »:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ