Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց:
Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:
Մինչև այս պահը ինձ հայտնի չէ, թե ովքե՞ր էին իրականացնողները, ո՞վ էր այդ ակցիայի հետևում կանգնած և կոնկրետ ի՞նչ նպատակի էր ծառայում այն:
Այդ ակցիայից հետո ադրբեջանա-թուրքական քարոզչությունը նաև այդ ուղղությամբ ակտիվացավ` փորձելով վերակենդանացնել Նժդեհին վերագրվող ֆաշիստական գաղափարները, որը բազմիցս քաղաքական-գիտական առումով պարզաբանվել է և հերքվել է:
Կրկնում եմ` ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է:
Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, ով իր ողջ կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը:
Նրա կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում, անընդունելի է:
Նժդեհի կյանքը, գաղափարները, խոսքն ու գործունեությունը հրապարակային են եղել և դրանք արտացոլված են տարբեր գիտնականների և հետազոտողների աշխատություններում և չեմ կարծում, թե դա կարող է կասկածի տեղիք տալ»: