02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մշո դաշտում կոտորումը սկսվեց Վարդավառի տոնի օրը

Նոյեմզար Մելքոնի Մուրադյանի վկայությունը

Մուշ, Մկրագոմ գյուղ, 1883 թ., 

Նոյեմզար Մուրադյանն իր հուշերում պատմում է, որ 1915-ի Վարդավառի տոնի օրը վաղ առավոտյան քրդերը սկսել են վառել Մշո դաշտը: Նա նշում է, որ քրդերը տղամարդկանց հավաքում տանում էին, իսկ կանանց ու երեխաներին քշում վարագներն ու վառում: Ականատեսի 5 երեխայից ողջ են մնացել 3 տղան: Մեծ աղջիկն անհետ կորել է, իսկ փոքրը մահացել գաղթի ճանապարհին, գրում է armeniangenocide100.org-ը:

Ամուսնուս` Դանիելին, քրդերը սպանեցին 1915 թ. Վարդավառի տոնի օրը: Մշո դաշտում կոտորումը սկսվեց հենց այդ օրը: 

Վարդավառի կիրակին էր: Լույսը դեռ նոր էր բացվել, երբ մեր գյուղում վայնասուն բարձրացավ, թե քրդերը Մշո դաշտն առել են ոտքի տակ. տղամարդկանց հավաքում, տանում էին, կանանց ու երեխաներին լցնում էին մարագներն ու վառում: Ես երեխաներիս վերցրի մտա մեր մարագը, մի քիչ մնացի, հետո բարձրացա տանիք: Տեսա` ի՜նչ. մեր գյուղի ծայրի տներից կրակ ու ծուխ է ելնում, երկինքը ծածկում: Իմ փոքր աղջիկը գրկանոց երեխա էր: Ավիսարը, Գրիգորը, Սոսեն, Քյարամը, Սաթիկը` բոլորը հինգ երեխա էին: Ինչ անեմ, մոլորվեցի` մնացի: Հետո դուրս եկանք, զգուշությամբ ճամփա ընկանք, որ փախչենք: Հեռվից քրդերը նկատեցին: Եկան մեզ էլ մարագը նետեցին: Տեսնեմ մեր հարևան կանայք էլ այնտեղ են, լալիս են ու ճչում: Իմ փոքրիկ աղջիկն էլ ձայնը գլուխը գցեց: Քուրդը դուռը մեզ վրա փակեց ու գնաց: Շատ չանցած ես նկատեցի, որ մարագի անկյունը փլված է և լույս է երևում: Մեկ-երկու քար էլ ես փլեցի, երեխաներիս այդ անցքից դուրս հրեցի: Սոսեն աչքիցս կորավ, չգտա, որ դուրս հանեի: Ապա ես էլ դուրս սողացի, վազելով փախանք, մտանք մոտակա տան գոմը: Հետո թաքնվեցինք դեզի մեջ: Մեկ էլ ճչոցներ լսեցինք: Քրդերը մարագն այրել սկսեցին: Բոլորը ճչում էին, կրակը ճարճատում էր: Վայ, լաո՜, այդ ի՞նչ էր, այդ ի՞նչ էր… չեմ կարող մոռանալ այդ օրը…

Փախեփախին հազար ու մի դժվարություն հաղթահարեցինք: Հազար անգամ մահվան աչքերին նայեցինք: Բայց ինձ հաջողվեց իմ երեք տղաներիս փրկել, հասցնել Ախուրյանի այս ափը, իսկ գեղեցիկ Սոսեն անհետ կորավ գաղթի ճանապարհին, կամ` խեղդվեց գետն անցնելիս: Գուցե` թուրքերն ու քրդերը տարան: Գաղթի ճամփին ծարավից մեռավ ծծկեր Սաթիկս, որն անվերջ ջուր էր խնդրում` «Բու՜, բու՜» կանչելով… 

Ես իմ զավակներով փրկվեցի ջարդից: Հետո կրկին ամուսնացա և ապավինեցի իմ բախտին: Ամեն երեկո քուն մտնելուց առաջ շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը ապրածս օրվա համար: Ամեն լուսաբացին խնդրում եմ Աստծուց` «Ցամաք աչոք ման իտաս»: 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 7, էջ 88:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ