16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դրանք վանդալիզմի ենթարկում…. CNN

Ադրբեջանում շատերն անհանգստացած են, որ էթնիկ նացիոնալիզմը եւ տարածքային վերամիավորման խոստումները նոր թիրախներ կգտնեն։ Իսկ Հայաստանում պետությունը փորձում է ընդունել ավելի քան 100 000 փախստականների, որոնցից շատերն ասում են, որ չեն կարող հարմարվել իրենց նոր կյանքին: Այս մասին տեղեկացրել է CNN-ը։

Կյանքն առկախ վիճակում

Նոնա Պողոսյանը փախել է Ստեփանակերտից ամուսնու, եկվորյակ երեխաների եւ տարեց ծնողների հետ։ Նրանք ոչ մեծ բնակարան են վարձել Երեւանում։ Պողոսյանն ասել է, որ իր մտքերը դեռեւս Ղարաբաղում են։

«Պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում։ Ի՞նչ է եղել իմ տան հետ։ Նախանձում եմ բոլորին, ովքեր այնտեղի օդն են շնչում»,- ասել է նա CNN-ին։

Ալիեւն ասել է, որ տներն անձեռնմխելի են մնացել, բայց սոցցանցերի տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դրանք վանդալիզմի ենթարկում…

Սեպտեմբերի 19-ին Պողոսյանի երեխաները դպրոցից տուն էին վերադառնում, երբ Ստեփանակերտը հրթիռակոծվեց։ Նրա ամուսինը երեխաներին գտավ մայթեզրին եւ տարավ ռմբապաստարան։ Հաջորդ առավոտյան ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը հանձնվեց։ Նրանց կյանքը մի ակնթարթում փլուզվեց։

Նրանք հեռացան իրենց տնից գրեթե ողջ բնակչության հետ միասին։ Նրանք քաղցած էին եւ հյուծված. Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր 10 ամիս այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։

Ճանապարհը բացեցին, որպեսզի թույլ տան բնակչությանը հեռանալ։ Կնոջ խոսքով՝ պահանջվեց չորս օր, որպեսզի Ստեփանակերտից Երեւան հասնեն (ճանապարհը սովորաբար չորս ժամ է տեւում)։

Հայաստանի կառավարությունը ողջունեց փախստականներին։ Բայց աջակցությունը անբավարար է։ Պողոսյանը 100 000 դրամի չափով աշխատավարձ ստացավ, բայց բնակարանի համար վճարում է 300 000 դրամ։ Նրա ընտանիքն ապրում է խնայողությունների հաշվին, որոնք հավաքել են երեխաների կրթության համար։

Ղարաբաղի կառավարության լուծարումը Պողոսյանին զրկեց երեխաների նպաստից, նրա ծնողներին՝ թոշակից, ամուսնուն՝ նախկին զինվորին, աշխատավարձից։ «Մարդիկ կան, որոնք մեքենաներում են ապրում, դպրոցների նկուղներում, մանկական հրապարակներում»,- ասել է նա։

«Մենք այնտեղ ենք թողել մեր հոգիները»

Գայանե Լալաբեկյանը պատմել է, որ ամեն առավոտ արթնանում է Երեւանի իր նոր բնակարանում եւ հարցնում, թե արդյոք ճիշտ է վարվել։ Շատերն են հարցնում, թե ուրիշ ինչ կարող էին անել։

«Ես ինքս ինձ հարցնում եմ. սա ճի՞շտ քայլ էր»,- ասել է նա CNN-ին։ «Երբ նայում եմ աղջկաս, նրա փոքրիկ որդուն, երբ նայում եմ մորս՝ 72 տարեկան է, երբ նայում եմ որդուս ու նրա կնոջը, նրանք ամուսնացել են հուլիսին… Ես հասկանում եմ, որ եթե այնտեղ մնայինք, գուցե նրանց չունենայի»,- ասել է Լալաբեկյանը։

Ալեիւը հայտարարել է, որ Ղարաբաղում մնալ ցանկացող հայերը պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանան։ «Նրանք երկու շանս ունեն՝ կամ ինտեգրվել, կամ անցնել պատմության գիրկը»,- ասել է նա։

Բայց բռնության մի քանի սերունդներից հետո շատ քիչ հայեր են հավատում, որ կարող են անվտանգ ապրել Ադրբեջանում, եւ գրեթե ոչ ոք չի ենթարկվել Բաքվի կառավարմանը, չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ քաղաքացիական բնակչությունը չի տուժել «հակաահաբեկչական միջոցներից»։

«Ալիեւը սատանա է։ Մենք չենք կարող վստահել նրա խոստումներին»,- ասել է Լալաբեկյանը։ «Մենք չենք կարող միասին ապրել։ Ի՞նչ ենք անելու հետո։ Չգիտենք, թե ով ենք մենք։ Մենք Արցախի՞ քաղաքացիներ ենք, թե՞ Հայաստանի։ Այս հարցին պատասխանել չենք կարող։ Մենք այնտեղ թողեցինք ամեն ինչ։ Մենք այնտեղ ենք թողել մեր հոգիները»։

Խաղաղության հեռանկարները

Որոշ դիտորդներ պնդում են, որ ղարաբաղցի փախստականների ծանր վիճակը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության ողբերգական գինը։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է միջազգային մակարդակում Ադրբեջանի մաս՝ Հայաստանի հրաժարումն անկլավից խաղաղության նախապայմանն էր։

Բայց Ալիեւը մեծահոգություն չի ցուցաբերել հաղթանակից հետո։ Անկլավ կատարած իր առաջին այցելության ժամանակ նա տրորել է Ղարաբաղի դրոշը եւ ծաղրել ղարաբաղցի քաղաքական գործիչներին, որոնց բանտարկել է, երբ նրանք փորձում էին փախչել։

Ձերբակալվածների մեջ է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, CNN-ին նկարագրել է «արդարադատության ոչ թափանցիկ համակարգը», որտեղ այժմ գտնվում է իր հայրը, որը մեղադրվել է նաեւ «ահաբեկչության ֆինանսավորման» եւ «սահմանն անօրինաբար հատելու» մեջ։ Ադրբեջանը եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, ուստի Վարդանյանին մերժվել է հյուպատոսական հասանելիությունը։ Դավիթը կարողացել է հեռախոսով խոսել հոր հետ միայն մեկ անգամ սեպտեմբերի 27-ին նրան ձերբակալելուց հետո։ «Նա պարզապես ասաց, որ, գուցե, այնտեղ կմնա ինչ-որ ժամանակ։ Եթե մենք իսկապես խաղաղություն ենք ուզում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, չի կարելի թույլ տալ, որ քաղբանտարկյալները դեռ գտնվեն բանտում»,- ասել է նա։

Բաքուն հրաժարվել է խաղաղ բանակցություններից Բրյուսելում եւ Վաշինգտոնում՝ նշելով, որ Արեւմուտքը կողմնակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի հանդեպ։ Նրա հռետորաբանությունը տարածքային հավակնությունների վերաբերյալ սրվել է։ Հայաստանը կառավարական փաստաթղթերում անվանվում է «արեւմտյան Ադրբեջան», ինչը նացիոնալիստական հայեցակարգ է։

Որոշ հույս, սակայն, հայտնվեց դեկտեմբերի 7-ին, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվեցին գերիներ փոխանակել առանց Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջամտության։

ԱՄՆ-ն հայտարարեց, որ հուսով է, որ փոխանակումը «խաղաղ եւ բարգավաճ ապագայի հիմքը կդնի»։ Հայաստանը հանեց եկող տարի COP29-ն Ադրբեջանում կազմակերպելու արգելքը։ Բայց ամենամեծ գայթաքարը, հավանաբար, կդառնա Նախիջեւանը։ Ալիեւը հույս ունի կառուցել «ցամաքային միջանցք» Հայաստանի միջով։ Նա այդ միջանցքն անվանել է «Զանգեզուր»…

Հայաստանը դեմ չէ այս գաղափարին, բայց ցանկանում է վերահսկել իր տարածքի այդ մասը։ Անցած ամիս նա ներկայացրել է տարածաշրջանի ենթակառուցվածքի վերականգնման իր պլանը… Նա հույս ունի շահ ստանալ առեւտրից, որին չի հաջողվել հասնել երկարատեւ ռազմական գործողությունների ժամանակ՝ նախագիծն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»։

Բայց Հայաստանի ցանկությունները կարող են քիչ նանակություն ունենալ։ Դեկտեմբերին Ալիեւը հայտարարել է, որ «չպետք է լինի ոչ մի մաքսատուրք, ոչ մի ստուգում, սահմանի ոչ մի պահպանություն մինչեւ Նախիջեւան»՝ ավելացնելով, որ հայերը պետք է սկսեն շինարարությունն «անմիջապես, իրենց հաշվին»։

Ալիեւը հավաստիացրել է, որ Հայաստանի տարածքն օկուպացնելու պլաններ չունի՝ ընդգծելով, որ «եթե մենք ցանկանայինք, մենք կանեինք դա»։ Բայց նույն միջոցառմանը հայտարարել է, որ այդ տարածքը «խլվել» է Ադրբեջանից 1920թ., խորհրդային իշխանության օրոք, եւ նախազգուշացրել է Հայաստանին, որ «մենք ավելի շատ իրավունքներ ունեն վիճարկելու ձեր տարածքային ամբողջականությունը»։

Աննա Օհանյանը (Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Քարնեգի հիմնադրամում) ասել է, որ Ալիեւի հռետորաբանությունը մեղմվել է գերիների փոխանակումից հետո, բայց դա «շատ բանով կապված է ԱՄՆ ուժեղ դիմադրության հետ»։

«Նրա նպատակները չեն փոխվել, նրան առաջվա պես անհրաժեշտ է մրցակցություն կամ հակամարտություն Հայաստանի հետ, անգամ այն բանից հետո, երբ վերականգնել է լիակատար վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- ասել է Օհանյանը CNN-ին։ «COP29-ի անցկացումը կարող է զսպել Ալիեւին գուցե մեկ տարի, բայց դա երաշխիք չէ, որ նա կխաղա միջազգային կանոններով։ Ռուսաստանը 2014թ. Օլիմպիական խաղերն ընդունեց եւ դրանից անմիջապես հետո անեքսիայի ենթարկեց Ղրիմը»։

Դիվանագիտությունը նորից կարող է անարդյունք լինել։ Վերլուծաբանները նշում են Ադրբեջանի աճող ռազմական ներկայության մասին…

Ղարաբաղի հայերը միշտ իմացել են, որ հայտնվել են մեծ տերությունների հակամարտության կենտրոնում։ Բայց համեմատական խաղաղության 30 տարիներից հետո նրանք չէին սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կփլուզվի…

«Ես հասկանում եմ, որ սա մեծ խաղ է, որին մասնակցում են մեծ երկրները՝ Ռուսաստանի, Թուրքիայի շահերը, Ադրբեջանը խաղացող է այս ամենի միջեւ, Հայաստանը չափից թույլ է՝ դիմակայելու համար։ Ես դա հասկանում եմ գլոբալ առումով»,- ասել է Պողոսյանը։ «Բայց 100 000 մարդու մակարդակով դա ողբերգություն է»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ