«Գտե՛ք պարոնայք, գտե՛ք մեր առաջնորդին. Էնպես չանենք, որ հայկական պետականությունն էլ կորցնենք». Արմավիրցիների պահանջը ՀՀԿ-ին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր մարզային այցերն ամփոփեց Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ։ Ինչպես Հայաստանի մյուս մարզեր կատարած այցերի ընթացքում, այնպես էլ Արմավիրի մարզում կուսակցության անդամներն իրենց հետ հանդիպման եկած բնակիչներին հորդորեցին՝ լինել անկաշկանդ ու տալ իրենց հուզող բոլոր հարցերը։ Իսկ այդ հարցերը բամաթիվ էին ու վերաբերում էին տարբեր ոլորտներին՝ անվտանգությունից մինչև տնտեսություն։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ հանդիպումը պաշտոնական չէ, քանի որ Արմավիր են եկել, որպեսզի անկաշկանդ մթնոլորտում իրենց համակիրների հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը: Լսեն արմավիրցիներին ու փորձեն տալ նրանց հուզող հարցերի պատասխանները:
Ժողովրդին քնից հանելու ժամանակն է. Ինչպես մյուս մարզերում հանդիպումների ժամանակ, այստեղ էլ տեղացիներին առաջին հերթին մտահոգում էր երկրի անվտանգության հարցը և դրանով պայմանավորված՝ այս ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին առցանց քննարկվող Խաղաղության պայմանագրի բովանդակությունը: ՀՀ իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե պատրաստ են ստորագրել պայմանագիրը, Ադրբեջանն էլ իր հերթին՝ հրապարակավ պատրաստակամություն է հայտնում, թեև Հայաստանից ուղարկված գրավոր առաջարկներին ի պատասխան՝ նոր պայմաններ է դնում ու տարբեր պաշտոնյաների միջոցով հրապարակում դրանցից որոշ դրույթներ:
Ի՞նչ է մտածում այս հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն, եթե ստորագրեն պայմանագիրը, ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Հանդիպման մասնակից արմավիրցիներին մտահոգում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը, հարցեր հնչեցին նաև այդ խնդրի վերաբերյալ Հանրապետականի անելիքների մասին: Բայց հետո անցան ներքին խնդիրներին: Հիմա էլ Հայաստան պետությունն է վտանգի տակ, ինչ պետք է անել, որ ժողովուրդը ոտքի կանգնի, արթնանա. Եղան մարդիկ, որ առաջարկեցին գործնական քայլեր կատարել, քանի որ Արցախը կորցնելուց հետո, այժմ վտանգի տակ է Հայաստանը՝ երկիրը պետք է փրկել։ Էջմիածին քաղաքում էլ բնակչուհիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չհաջողվեց իրականացնել իշխանափոխություն, արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը դրա վերաբերյալ որոշակի եզրակացություններ արել է: Վերլուծություն կատարել են, հստակ դիրքորոշում էլ ունեն, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, Էջմիածնում հանդիպմանը ներկա էր նաև Արցախից բռնի տեղահանված Քոլատակի բնակիչը, նա ներկաներին հորդորեց առաջին հերթին՝ լինել միասնական, պահել Հայաստանը, որպեսզի Հայաստանն էլ չարժանանա Արցախի ճակատագրին, ապա հիշեցրեց, որ Արցախյանի առաջին պատերազմի հաղթանակը պայմանավորված էր հայ ժողովրդի միասնականությամբ: Արմավիրում հանրապետականները հայտարարեցին, որ այս տարի սա իրենց վերջին մարզային այցն է, սակայն հաջորդ տարի կլինեն նոր այցեր։ Մանրամասները՝ տեսանյութում
168.am