Էդմոն Մարուքյանին մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Առաջարկվում է խնամակալություն սահմանել նաև առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հղում կատարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, հիշեցրեց, որ համաձայն օրենսգրքի՝ նախատեսվում է խնամակալություն սահմանելու 2 հիմք` դատարանով քաղաքացուն անգործունակ ճանաչելը և տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալություն սահմանելը:
«Ոչ բոլոր հոգեկան խանգարումներն են անգործունակ ճանաչելու հիմք, այլ նրանք, որոնք խոչընդոտում են քաղաքացուն մասնակցել քաղաքացիական շրջանառությանը, այդ իսկ պատճառով խանգարումը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ տևական, կայուն:
Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ խնամակալություն սահմանելն ավելի շատ նպատակ է հետապնդում «պաշտպանել» այդ անձին իր իսկ գործողությունների անբարենպաստ հետևանքներից, ինչպիսին կարող է լինել, օրինակ, գործարքների կնքումը»,-նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ քաղաքացու նկատմամբ սահմանվում է խնամակալություն, այն դեպքում, երբ առկա չեն քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված խնամակալություն սահմանելու հիմքերը, ուստի նման պարագայում առաջանում է տվյալ անձի իրավական կարգավիճակի անհստակություն, քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքով միայն քաղաքացուն անգործունակ ճանաչելու և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու ընթացակարգը: Գոյություն ունի «կոմա» ախտաբանական վիճակի տարբեր տարատեսակներ` պայմանավորված կոմայի հանգեցրած հիվանդությամբ կամ պատճառով:
Նախագծով կարգավորված չեն այն հարցերը, թե ինչ ընթացակարգով պետք է նշված վիճակում գտնվող անձանց նկատմամբ սահմանվի խնամակալություն, քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սույն նախագծով նշված վիճակում գտնվող քաղաքացիների նկատմամբ խնամակալություն սահմանելու կարգ չի նախատեսում: Նախարարը նշեց, որ Կառավարությունը նպատակահարմար կհամարի ընդունել այս նախագիծը, եթե մի շարք փոփոխություններ լինեն, ինչպես օրինակ՝ համալիր թույլտվության պայմանագրի (ֆրանչայզինգի) գրանցման կարգը սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: