Դեռևս վաղ է խոսել. Կոստանյանը՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից

«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված՝ ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:
«Համենայնդեպս, ավելի համալիր ուսումնասիրությունները յուրաքանչյուր գործով անցկացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման հիմքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում` այդ քրեածին վիճակի վերացմանն ուղղված»,-հավելեց նա:
Հարցին, թե ստեղծված իրավիճակը ոստիկանության բացթողո՞ւմն է, նա պատասխանեց.
«Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, մենք խոսում ենք հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու և ավելին` հանցածին հանգամանքները նվազեցնելուն և վերացնելուն ուղղված միջոցառումների մասին, թե այս կամ այն միջոցառումն ունի՞ պատշաճ արդյունավետություն, թե՞ դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ են պետք, դա արդեն ընթացս պարզ կլինի»: