Հայաստանում Netflix-ի ֆիլմեր կնկարահանվեն.
Հայաստանում նախատեսվում է նկարահանել հեղինակավոր Netflix հարթակի համար նախատեսված՝ Թիլ Շվայգերի «Underdog», «Dead by Dawn», «Collapse»/8մաս ֆիլմերը:
Դա հնարավոր է դարձել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխությունների միջոցով, համաձայն որոնց՝ ֆիլմարտադրողները ներդրումների մասնակի վերադարձ կստանան ֆիլմերը Հայաստանում նկարահանելու և որոշակի պայմանների հետևելու դեպքում:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Կողմերը համատեղ աշխատանք կտանեն ֆիլմարտադրության ոլորտում Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը։
Ներդրումների մասնակի վերադարձը նախատեսված է ֆիլմերում Հայաստանի պատմամշակութային վայրերը, պետական սիմվոլները կամ երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները ներառելու, և նմանատիպ այլ դեպքերում, որը կնպաստի Հայաստանի ճանաչման աճին:
Բացի այդ, ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ: