28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին Ազգային ժողովը զրկել է հավատարմագրումից. ՔՊ խմբակցության քարտուղարին դուր չի եկել նրա հարցը /Տեսանյութ/

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ ընթացքում ՔՊ-ականները ակնհայտ ագրեսիվ վարք էին ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ. ողջ թիմով հարձակվել էին Հայկուհի Հարությունյանի վրա, քանի որ նա պաշտոնավարման ընթացքում վարույթներ էր հարուցել իշխանության ներկայացուցիչների՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների առիթով։

ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը Հայկուհի Հարությունյանին սատարող հրապարակումներ էին արել՝ մանրամասնելով, որ ՔՊ պատգամավորները ընտրությունից 3 օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, գաղտնի հանդիպում էին ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ փորձել ճնշել սահմանադրական անկախ մարմինը ղեկավարած թեկնածուին:

Այդ եւ նախկինում իր մասին ունեցած մեր հրապարակումներից վրդովված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից թիրախավորեց ազատ մամուլը եւ զրպարտեց՝ ասելով.
«Գիտենք՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում. փողը տալիս են, պատվիրում են եւ պախարակում պաշտոնյաներին»:
Նա այլ լրատվամիջոցների շարքում հնչեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի անունը:

Հենց նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին եւ առաջարկել միասին գնալ ԱԱԾ կամ ՀՀ դատախազություն, որպեսզի Հովհաննիսյանը հնչեցրած մեղադրանքների համար ապացույցներ ներկայացնի, հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ։ Արթուր Հովհաննիսյանը մերժել է մեր խմբագրի հետ իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաեւ բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար: Իհարկե, մենք դատական հայց ենք պատրաստում՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին (վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո) հրապարակեց տեսանյութ՝ ՔՊ խմբակցության քարտուղարի զրույցի մասին, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, շատերը դատապարտեցին մամուլին լռեցնելու եւ թիրախավորելու՝ իշխանության քայլերը։

Տեսանյութը հրապարակվեց դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, որից 3 ժամ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրություն ուղարկեց մեյլով՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»:

Ստացվում է, որ ԿԿՀ անդամի թեկնածուի ընտրության սրահում (որտեղ բոլոր լրագրողները մշտապես լուսաբանում են տարբեր ընտրություններ), երբ լրագրողը հարց է տվել Արթուր Հովհաննիսյանին, նրա հետ քայլել ԱԺ միջանցքում, պետք է զրկվի ԱԺ մուտք գործելու իրավունքից:

Ընդ որում՝ որոշումը ստորագրված եւ կնքված է պետական պայմանագրով սահմանված աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 18։04-ին: Տեղի ունեցածը մենք գնահատում ենք ազատ եւ անկախ մամուլը լռեցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու դատապարտելի գործելաոճ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կայացրած որոշումը համարում ենք անհիմն, ՔՊ-ի կողմից ուղղորդված, կամայական, որը խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը եւ խախտում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով լրագրողներին վերապահված՝ տեղեկություններ հավաքելու եւ տարածելու մեր իրավունքը:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ