24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Որ ադրբեջանցին հորս չսպաներ, 32 գերիներին չէին վերադարձնելո՞ւ: Ամենավատն էն ա, որ մեր կառավարությունը թուրքի կողմից է»

Իմացա, որ հորս սպանող ադրբեջանցուն ու իր հետ Հայաստան հասած ադրբեջանցի զինծառայողին ուղարկում են Ադրբեջան 32 հայ գերու դիմաց, բայց այնպես չէ, որ այս որոշում ինձ համար ընդունելի է։ Այսինքն, եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, հորս չսպաներ, 32 գերիներին չէին վերադարձնելո՞ւ։ Այս մասին ասյօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գերեվարված 32 հայի է վերադարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։ Այդ երկու ադրբեջանցիները ապրիլի 10-ին Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներն են՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, որը ԶՊՄԿ աշխատակցին էր սպանել։

Երկու օր առաջ էլ Ժորժ Մելիքսեթյանը MediaHub-ին փոխանցեց, որ իր պահանջը դատարանը բավարարել է, այսինքն հորը սպանած Ախունդովը ցմահ է դատապարվել, բայց սա իր համար տարօրինակ էր, որովհետև որոշումը ժամանակից շուտ էր կայացվել։ Այսօր արդեն Ժորժի մտահոգություններն իրենց պատասխանը ստացան։

«Սա ինձ համար ընդունելի չէ, չնայած, որ կանխատեսում էինք, մտքի հետ ո՞նց հաշտվենք։ Եթե չգային, մարդ չսպանեին, պատահական չբռնվեին, մեր բոլոր տղաները պիտի այնտեղ մնային, մինչև սպասեինք մի թուրք գար, մարդ սպաներ, դրանից հետո փոխանակում կատարվի, լոգիկան չեմ հասկանում։ Ամենավատն էն ա, որ ոչինչ փոխել չենք կարող, որ մեր կառավարությունը մեր կողմը չի բռնել, այլ թուրքի կողմից է։ Եթե ադրբեջանցին կարողանում է Արցախում ապրողին, որը ոչինչ չի արել, ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել, բռնել, տանել, դատել որպես տեռորիստ, իսկ մեր կողմը այնպես չի կարողանում անել, որ մարդ սպանողն իր պատիժը ստանա, այսպես պետք է լինի»,-ասաց նա։Ժորժ Մելիքսեթյանը նշեց, որ իրեն շատ հետաքրքիր է՝ ադրբեջանցիներն արդեն Բաքվո՞ւմ են, թե՞ դեռ չեն ուղարկել։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտնաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին էին նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։

Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ