21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամբողջ ձմեռ մերկ ոտքերով, չոր հացով տանը թաքնվել ենք

Մարիամ Ղազարյանի պատմությունը

1916թ., Վան

Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Ղազարյանը պատմում է՝ լավ է հիշում այն օրը, երբիրենց գյուղի քրդերը բոլոր տղամարդկանց տանից հանել են`ասելով թե ուղարկում ենճանապարհ կառուցելու: Սակայն գյուղից ոչ շատ հեռու բոլորին սպանել են, իսկ կանանցիցգողացել անգամ վերջին հագուստը: Ամբողջ ձմեռ մերկ ոտքերով,սև չոր հացով տանըթաքնվել են: Գարնանը եկել են թուրքերը ու հրամայել բռնաբարել ու տանջել բոլորին,նույնիսկ՝ մանկահասակ աղջիկներին, գրում է armeniangenocide100.org-ը:

Մի օր, լաւ յիշում եմ, ոստիկաններ եկան թաղիս ուզեցին, մենք որ բնաւ չունէինք, թաղիսի փոխարէն տղայիս գլխի տակից պստիկ բարձ մը կար դրուած, քաշեցին և տարին: Մեր մարդերից զօրք չէին տարել, որովհետև մեր մարդիկ քիւրտ աղաների գործումն էին: Եւ նոյն տարին հայրիկս շատ կաշառքներ կերցրեց նոյն աղաներին, որոնք կառավարական պաշտօնեաք էին միևնոյն ժամանակ: Մի առաւօտ ձմեռնային այդ սաստիկ ցուրտ օրերից մէկն էր, երբ աղաներէն Թէֆիկը մեր մարդիկը, նմանապէս բոլոր գիւղի տղամարդիկը դուրս կանչեց, ասելով, թէ. «արէ՛ք, ձեզ կառավարութիւնը ուզել է ամալեա թաբուր… ուղարկել ճամբաներ շինել տալու»: Մէկ էլ տեսանք, որ ոչխարի նման միամիտ մարդիկ նրա շուրջ խռնուեցան, ինչպէս որ աղայի գործի համար շատ անգամ միամտաբար հաւաքուել էին: Սակայն դեռ գիւղից չհեռացրած, հրացանի ձայներ լսեցինք: Դուրս գալուն մէկ էլ ինչ տեսնենք, հայրիկս սպաննել էին, որը կիսակենդան դեռ աղերսում էր, ասելով. «Ի սէրն Աստուծոյ, իմ փեսայիս մի’ սպաննէք, որովհետև նա մանր երախաների տէր է»: Բայց հօրս պաղատանքը մնաց անկատար և մեր մարդիկը բոլորն էլ նոյն օրը մեր աչքի առաջ  սպաննեցին և սկսեցին թալանել մեզ, հանելով մեր հագած շորերը նոյնիսկ: 

Ամբողջ ձմեռ ցորեկներ, մերկ ոտքերով, քրդերի ոչխարներին սարերից խոտ կրելու գնում էինք, իսկ գիշերները մի կորեկ սև չոր ցամաք հացով գալիս և պատսպարուում էինք  նոյն տանը սև առաստաղի տակ, առանց կտոր մը փալաս և փսեաթ ունենալու մեր մանր երախաների վրան ծածկելու, որոնք ցրտից մինչև լոյս լացում և աղաղակում էին: Ինչևիցէ, անցաւ ձմեռը ու եկաւ գարունը, բերելով աւելի սև, մռայլ օրեր, սև դարդեր: Մինչև էն ժամանակ մայրիկս ողջ էր, ինչ որ պստիկ մխիթարութիւն մըն էր տարաբաղդ աղջկան և 4 մանր անտէր երախաներիս, երբ որ մի օր էլ յանկարծ տեսանք, որ Ջևտէթ բէյի զօրաբանակը, Բաշգալա եկաւ, էն ատեն քրդերի կատաղութիւնը աւելի սաստկացաւ հանդէպ հայ գերիներին: Ջևտէթ բէյը հրաման տուեց իր զօրքերին անխնայ կերպով բռնաբարել և թալանել, կոտորել հայերին, նոյնիսկ 10 տարեկան աղջիկներին ձեռք ձգել: Մի գիշեր յանկարծ տեսայ, որ մէկ էլ մեր դուռը թակեցին, վեր կացայ, ձայն տուի, տեսայ, որ դրսից կանչեցին, «կաչէ՛, դէ՛ր վակայ» (աղջի՛կ, դո՛ւռը բաց): Ես վախնալով բաց չարի: Մինչև մայրիկիս լուր տալը վերոյիշեալ արիւնարբու Թէֆիկը և իր հօրեղբայր Մուսթաֆան դուռը կոտրելով` ներս խուժեցին: Մայրիկիս ծամերից քաշ տալով և ուրիշ կին մը` Նունօ անունով, որին աչքերը տասը տարիէ հետէ կուրացել էին, դուրս քաշեցին քիթ և պռունկի վրան, ասելով, թէ ոսկիներ հա՛ն, ապա թէ ոչ քեզ կը սպաննենք:

Տարաբախտ մայրիկս արտասուաթորմ աչքերով և աղաչանքներով քրդերի ոտքերին փարուեց, ասելով, թէ «ինծի մի’ սպաննէք, ես ոսկիներ ձեզ ցոյց կը տամ»: Մինչդեռ ոսկիները դեռ աշնան տարել էին: Մայրիկս այսպէսով ուզում էր ազատել կեանքը մեզ թշուառներիս համար, բայց ապարդիւն անցաւ մայրիկիս այդքան պաղատանքն և լացն ու կոծը, երբ մէկ էլ յանկարծ տրաքեց հինգ հատ ատրճանակ, որոնք մայրիկիս գլխին դիպան: Գետին փռուեց մայրիկիս դիակը և ապա ոտքից բռնելով քաշեցին գիւղի տակ, որտեղ ահագին բարձրութեամբ քարեր կային: 

Նրանց գլխից վար ձգեցին, իսկ մայրիկիս հետ դուրս կանչուած կոյր կնիկը ողջ-ողջ մի քարի խոռոչի մէջ ձգեցին և քարեր կիտեցին վրան, ուրտեղ խեղճի ծանր տնքալը երկու օր յետոյ լսելի էր լինում: Մենք մի քանիներս գիշերով լեռները փախանք թաքնուելու` մեր փոքրիկ երախաներէն շատերը տանը թողնելով, որոնց քրդերի գաղթելուց յետոյ եկանք և տիրացանք: Մենք այժմ մնացել ենք երեքանց՝ ես և երկու փոքրիկ աղջիկներս և ապրում ենք Սալմաստի Հաֆթվան գիւղում: 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 462, թթ. 1 ևշրջ., բնագիր, ձեռագիր

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012,էջ 412 – 414:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ