17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ասե՛ք, կանենք»։ Ո՞վ է ասել, որ կայանատեղերը տասնապատիկ թանկացնեն

Երեւանի ավագանու քննարկմանը ներկայացված «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը հանրային դժգոհություն է առաջացրել։
Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանել գոտիավորման սկզբունքով՝ առանձնացնելով Ա եւ Բ գոտիներ: Երեւանի փոքր կենտրոնում ավտոմեքենան կայանելու վճարման դրույքաչափը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 հազար դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը Երեւանի կենտրոնի բեռնաթափումն է:
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Կոստանյանը պարզաբանել է՝ Ա գոտում ներառված են լինելու Աբովյան պուրակում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեոյի փողոցներում ներփակված տարածքներում համայնքային սեփականություն համարվող փողոցները եւ հրապարակները (ընդհանուր առմամբ շուրջ 40 փողոց եւ պողոտա): Նշված հատվածներում (Ա գոտի) ավտոկայանատեղիների համար նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը.

1 ժամվա համար ՝ 300 դրամ,
1 օրվա համար՝ 2000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ,
մեկ ամսվա համար՝ 18000 դրամ,
մեկ տարվա համար՝ 160000 դրամ:
Բ գոտին ներառելու է Ա գոտուց դուրս գտնվող փողոցներն ու հրապարակները։ Բ գոտում կայանելու դեպքում առաջարկվում են հետեւյալ դրույքաչափերը․
1 ժամվա համար ՝ 200 դրամ,
1 օրվա համար 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա համար՝ 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24000 դրամ:

Բացառություն կլինեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։ Այս հատվածներում չեն գործի վճարման վերոնշյալ դրույքաչափերը։
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Կոստանյանը վստահեցնում է՝ նախաձեռնության հիմքում առաջնահերթ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, ոչ թե համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:

Հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները, եւ քաղաքային իշխանությունների վստահեցմամբ՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:
Վարորդ Ռոման Հովհաննիսյանը վստահ է՝ նախագծի նպատակը իրականում բյուջեն լցնելն է, քանի որ հազիվ թե այս կերպ հնարավոր լինի էականորեն բեռնաթափել երթեւեկությունը։

«Օրինակ՝ մարդն աշխատանքի է գնում եւ ամեն օր ավտոմեքենան կայանում է ինչ-որ վայրում։ Եթե անգամ թանկանա վճարման դրույքաչափը, նա, մեկ է, պիտի աշխատանքի գնա, ավտոմեքենան պիտի կայանի, պարզապես ավելի շատ պիտի վճարի»,- ասում է Ռոման Հովհաննիսյանը։
Վարորդ Քրիստինե Միրզոյանն էլ նշում է՝ եթե անգամ ոմանք ցանկանան երթեւեկել հանրային տրանսպորտով, դա էլ հարմար տարբերակ չէ, քանի որ մայրաքաղաքում տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվել։ Օրինակ՝ նույն երթուղով գործող մի քանի գազել հանել են, մի ավտոբուս են ավելացրել, որոնք էլ ուշանում են։ Մարդիկ երբեմն ստիպված են կես ժամ սպասել։ Դրանից հետո էլ հնարավոր է չկարողանան տեղավորվել։ Այսպես ասած՝ պիկ ժամերին մարդիկ խցկվում են հանրային տրանսպորտ կամ մի քանիսը բաց են թողնում, մինչեւ մեկը պատահի, որի մեջ կարողանան տեղավորվել։ Եվ ավտոմեքենա ունեցողները հազիվ թե ցանկանան հանրային տրանսպորտից օգտվել։

«Մետրոյից օգտվելն էլ առանձնապես հարմար չէ։ Վերջերս որոշ ժամանակ մետրոյով էի երթեւեկում։ Ուղեւորները մնում են կայարանում կանգնած, մի քանի վագոն բաց են թողնում, մինչեւ որ մի կերպ խցկվում են։ Ի՞նչ անի քաղաքացին․ կայանելու համար այդքան շատ վճարի՞, թե՞ իր նյարդերի ու ժամանակի հաշվին հանրային տրանսպորտից օգտվի։ Էլ չեմ խոսում տաքսու մասին․ շատ թանկ է, ամեն մեկը չէ, որ կարող է ամեն օր տաքսի ծառայությունից օգտվել»,- ասում է Քրիստինեն։
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասում է՝ այս իշխանությունները եկել են կարմիր գծերը, արագաչափերն ու տեսախցիկները վերացնելու կոչերով, բայց այսօր նման նախագիծ են ներկայացնում։ Ըստ նրա՝ հակաօլիգարխիկ կոչերով իշխանության եկածներն ուզում են իրենց համար քաղաքի կենտրոնում օլիգարխիկ հարմարավետություն ապահովել, որ վարորդներն իրենց անդորրը չխաթարեն։

«Եթե այս իշխանությունները նման մտադրություն ունեին, ինչո՞ւ երկու ամիս առաջ չէին հայտարարում դրա մասին, երբ Երեւանի ավագանու ընտրություններ էին։ Ասում էին՝ «Ասե՛ք, կանենք»։ Ո՞վ է իրենց ասել, որ այսպիսի բան անեն։ Այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ նախկինում քաղաքացուց կորզեն առավելագույնս շատ գումարներ ամանորյա մեծ ծախսեր անելու, պարգեւավճարներ բաժանելու եւ նման բաների համար․․․ Ամեն ինչ անելու են քաղաքացուն դարձնելու «տուգանքի մատերիալ»»,- ասում է Մանուկ Սուքիասյանը։
Նա վստահեցնում է՝ իրենց լիազորության շրջանակում կանեն ամեն ինչ, որ նախագիծը չընդունվի, քանի որ սա քաղաքացիների վրա, իսկապես, ֆինանսական մեծ բեռ է լինելու։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ ամենայն հավանականությամբ նախագիծը որոշակի փոփոխությունների կենթարկվի, քանի որ մի շարք կարեւոր հանգամանքներ հաշվի չեն առնվել, չեն պարզաբանվել։
«Նախագիծը պատրաստելիս այլ երկրների փորձն են ուսումնասիրել, վերցրել, բայց այդ երկրներում վճարման սակագինը փոխվում է, որոշակի ժամերի տվյալ հատվածներում ապրող բնակիչների համար այլ սակագներ են գործում»,- բացատրում է Քեյանը։

Այն, որ նախագծի նպատակը քաղաքը բեռնաթափելն է, Քեյանը հեքիաթ է համարում, քանի որ նման քայլով հնարավոր չէ երթեւեկությունը բեռնաթափել։ Երեւանում որոշ ժամերի խցանումներ լինում են, բայց ոչ այնպիսի, որ ավտոմեքենաները ճանապարհին մի ժամ մնան նույն տեղում կանգնած, ինչպես որոշ երկրներում։ Մեր մայրաքաղաքում երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված չէ, չկան այնպիսի խցանումներ, որ քաղաքային իշխանությունը որոշեր այսպիսի կտրուկ քայլի դիմել։
Խցանումներից խուսափելու համար քաղաքացիներին պիտի այլընտրանք առաջարկվի, որ մարդիկ ավտոմեքենայով ենթեւեկելու փոխարեն օգտվեն տրանսպորտային այլ միջոցներից։ Հանրային տրանսպորտը պիտի նորմալ աշխատի. տրամվայները, մետրոյի կայարանները, հեծանվային ուղիները պիտի ավելացվեն։

Ըստ Քեյանի՝ խցանումներից հնարավորինս խուսափելու նպատակով պետք է նաեւ երթեւեկության կազմակերպումը փոփոխվի, այսինքն՝ միակողմանի երթեւեկությունն ավելի շատացվի եւ դեպի աջ երթեւեկությունը զարգացվի։ Այսինքն՝ եթե երթեւեկությունը կարգավորեն, ծանրաբեռնվածությունը նկատելիորեն կթեթեւանա։

Հասմիկ Բալեյան

Aliqmedia

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ